Պարույր Սևակի 90-ամյակին նվիրված հուշ-երեկո Մոսկվայում
Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են Մոսկվայում ՀՀ դեսպանությունից, փետրվարի 6-ին Մոսկվայի Գրականագետների կենտրոնական տանը տեղի է ունեցել հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի 90-ամյակին նվիրված հուշ երեկո: Այն կազմակերպվել էր Գրողների միությունների միջազգային ընկերակցության, Ռուսաստանի հայերի միության, Ռուսաստանի գրողների միության, Միջազգային գրականագիտական հիմնադրամի համատեղ ջանքերով:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Գրողների միությունների միջազգային ընկերակցության Գործադիր կոմիտեի նախագահ Ի. Պերեվերզինը:
Երեկոն վարում էին Ռուսաստանի գրողների միության խորհրդի քարտուղար, ակադեմիկոս Ա. Օհանյանը և ռուս անվանի բանաստեղծ, Գրողների միությունների միջազգային ընկերակցության գործադիր կոմիտեի առաջին քարտուղար Վ. Բոյարինովը:
Երեկոյի ընթացքում ընթերցվել են Պ.Սևակի բանաստեղծությունները հայերեն և ռուսերեն: Վերջիններս՝ հենց Սևակի պոեզիայի ռուս թարգմանիչներ Ս.Կունյաևի, Վ.Միկուշևիչի և այլոց կողմից, հնչել են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ա. Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարումները:
Հանդիպմանը ներկա է եղել Մոսկվայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Վիկտորյա Մելքումովան, ով ընթերցել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օ.Եսայանի ողջույնի ուղերձը:
Պ. Սևակի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ «Литературная газета» թերթի N 1 (50),2014 համարում լույս է տեսել մեծանուն բանաստեղծին նվիրված ընդարձակ հոդված: