Էդվարդ Նալբանդյանն ԱԳՆ մեդալ հանձնեց Ռաֆայել Հովհաննիսյանին

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, փետրվարի 6-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է «Օտար, ամայի ճամփեքի վրա» հեռուստանախագծի հեղինակ և պրոդյուսեր, Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանին և հեռուստանախագծի տասնամյա հոբելյանի կապակցությամբ նրան հանձնել ԱԳՆ մեդալ։

Նախարար Նալբանդյանը շնորհավորել է Ռաֆայել Հովհաննիսյանին «Օտար, ամայի ճամփեքի վրա» հեռուստանախագծի տասնամյա հոբելյանի կապակցությամբ՝ նշելով ծրագրի կարևորությունը արտերկրում գտնվող հայկական մշակութային ժառանգության ներկայացման, հայապահպանության և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում։ Նա հավելել է, որ «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդումը մշտապես աչքի է ընկնում իր բարձր որակներով, պրոֆեսիոնալիզմով և ընդգրկուն բովանդակությամբ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և իր գործունեության գնահատանքի համար՝ Ռաֆայել Հովհաննիսյանը ընդգծել է, որ հեռուստանախագծի գործունեության ողջ ընթացքում արտգործնախարարությունը և Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական գործուն աջակցություն են ցուցաբերել «Օտար, ամայի ճամփեքի վրա» ստեղծագործական խմբերի աշխատանքներին։

Scroll Up