Թուրք վերլուծաբանը քննադատել է Հայոց ցեղասպանության ժխտման Անկարայի քաղաքականությունը

Թուրք քաղաքական վերլուծաբան Ուֆուք Ուրասը, ով Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր է, քննադատել է Հայոց ցեղասպանության հարցում Անկարայի ժխտողական քաղաքականությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական acikgazete.com լրատվական կայքում հրապարակած «1915» խորագրով հոդվածում անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային եւ Թուրքիայի պաշտոնական շրջանակների կողմից ցեղասպանության շարունակվող ժխտողականությանը, Ուրասը հարցնում է. «Ի՞նչ եղան Դեւրիղիում (Տեւրիկ) այդ տարիներին բնակչության մեկ երրորդը կազմող հայերը: Նրանք, ովքեր պնդում են, թե այդ մարդկանց ոչնչացումը իմպերիալիստական սուտ է, ինչո՞ւ չեն ասում ճշմարտությունը, թե ինչ եղավ այդ մարդկանց հետ: Ինչո՞ւ են նրանք լռում»:
Թուրք վերլուծաբանը գտնում է, թե կարեւոր է, որ պաշտոնական շրջանակները առերեսվեն անցյալ դարասկզբին «Իթթիհադ եւ Թերաքքիի» կողմից հայ բնակչությանը հասցված ցավերի հետ, ինչը կարող է արագացնել այդ իրադարձությունների ճիշտ ընկալումը թուրք հասարակության կողմից:
Ուրասը Հայոց ցեղասպանության հարցում այլընտրանքային քաղաքականություն տանելու անհրաժեշտություն է տեսնում: Նա գտնում է, որ ամեն տարի ապրիլի 24-ին կազմակերպվող «Ներողություն ենք խնդրում, այդ վիշտ բոլորինս է» կոչված վշտակցության միջոցառումներին պետք է ավելացնել նոր քաղաքական տարրեր:
«Հարկավոր է բացել Հայաստանի հետ սահմանը, զարգացնել փոխադարձ տնտեսական հարաբերությունները եւ մշակութային կապերը, քաղաքացիություն ստանալու իրավունք տալ 1915թ. զոհերի ժառանգներին»,- նշում է նա` համարելով, որ այդ քայլերը կարեւոր ժեստ կհանդիսանային Թուրքիայի կողմից: Վերլուծաբանը ճիշտ չի համարում նաեւ Թուրքիայի խորհրդարանում հայազգի պատգամավորներ չլինելու հանգամանքը եւ վստահություն հայտնում, որ այդ բացթողումը առաջիկա ընտրություններում կշտկվի:
http://armenpress.am/