Արվեստի դպրոցի սաների բարեկամական այցը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/02/IMGP0411.jpg)
Փետրվարի 1-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գ. Գյուլբենկյան սրահում կայացավ Թբիլիսիի Արամ Խաչատրյանի անվան թիվ 10 արվեստի դպրոցի սաների համերգը, որը կրում էր «Բարեկամական այց» խորագիրը և նվիրված էր մեծ երգահանի ծննդյան 110 -ամյակին: Այն «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Թբիլիսիի Արամ Խաչատրյանի անվան թիվ 10 արվեստի դպրոցի հետ համագործակցությամբ, նախաձեռնել էր Վրաստանի հայ երաժիշտների միությունը: Պատվավոր հյուրերի կազմում էին Վրաստանում ՀՀ փոխդեսպան Վահագն Աֆյանը՝ տիկնոջ հետ, թիվ 10 արվեստի դպրոցի վետերան ուսուցիչներ, ճանաչված երաժիշտներ, արվեստագետներ, ծնողներ, երաժշտական դպրոցի շրջանավարտներ և սաներ:
Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը: Թիվ 10 դպրոցի տնօրեն Տարիել Բերաձեն շնորհակալության խոսքեր ուղղելով միջոցառման նախաձեռնողներին՝ կարևորեց աշխարհահռչակ երգահան Արամ Խաչատրյանի անունը կրելու հպարտությունը, նաև պատասխանատվությունը::
Դպրոցի սաներ Էլենե Գադրանին, Լիկա Բաքրաձեն, Սալոմե Մերաբիշվիլին, Մարիամ Մացկոն, Նանա Ուստարաշվիլին, Դեա Ցքիտիշվիլին, Աննա Քոչարյանը, Մերաբի Սեփաշվիլին, Մարիամ Մամփորիան, Դավիթ Հակոբյանը փայլուն կատարեցին Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Գիա Ղանչելիի, Գիորգի Ցաբաձեի, Լիստի, Կորսակովի ստեղծագործություններից՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին և ուսուցիչներ Մեհրաբյանի, Բանդուրայի, Բերաձեի, Ճելիձեի, Դանիելյանի, Գալաչյանի, Էսիտաշվիլու, Միրզաշվիլու, Թութունջյանի, դաշնակահարուհի Ղուբանեիշվիլու գոհունակությանը:
Բարեկամական այցը ողջունեց դպրոցի շրջանավարտ, երաժիշտ Եսայի Աբովյանը, իսկ կես դար առաջ այս դպրոցում երաժշտության դասեր առած Ժաննա Դավթյանը երախտագիտության խոսքեր ուղղեց նման միջոցառում կազմակերպելու համար և իր խոնարհումը բերեց դպրոցի տարեց ուսուցչուհի դաշնակահարուհի Իվետա Մեհրաբյանին:
Վիրահայոց թեմի անունից բոլոր մասնակիցներին բաժանվեցին «Բարի սամարացիներ» կազմակերպության նվերները:
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ