Նա ոչ թե նկարում է, այլ ձեռքերով մամլում է նյութը
«Միլանդայի նկարները չեն թողնում, որ հոգիդ ննջի, նրանք միտքդ, երևակայությունդ միշտ արթուն են պահում»:
Ցուցահանդեսին ներկա էին նկարիչներ, մտավորականներ, արվեստագետներ, արտերկրից ժամանած հյուրեր, որոնց համար բացառիկ հնարավորություն էր Հայաստանում տեսնել ճանաչված նկարչուհու աշխատանքները:
Միլանդա դե Մոնդը ցուցադրվող գործերը նկարել է Հայաստանում՝ մենակության մեջ, որը շատ կարևոր է նկարչուհու համար.
«Տարբեր տրամադրությունների մեջ եմ եղել այստեղ, ու այդ ամենն արտահայտված է իմ կտավներում: Ութ շաբաթվա ընթացքում եմ ստեղծել այս գործերը: Հուսով եմ՝ նորից կգամ ու նոր գործեր կստեղծեմ Հայաստանում»,-ասաց Միլանդա դե Մոնդն, ով չի սիրում խոսել իր գործերի մասին և ցանկանում է, որ դիտողն ինքը կարծիք կազմի իր աշխատանքների մասին: Իսկ սրահում հավաքվածների կարծիքները տարբեր էին, հետաքրքիր ու ինքնատիպ, ինչպես նկարչուհու կտավները:
«Միլանդայի գործերի երկար տարիների երկրպագուն եմ. մեծ կարևորություն եմ տալիս վերացական արվեստին և նրա քարոզչությանը Հայաստանում, որովհետև այն մտածողության ուրույն եղանակ է, որը մարդուն հարստացնում է նոր զգացողություններով, նոր պատկերներով, զարգացնում է երևակայությունը, արտաքին աշխարհի գույների, գծերի օգնությամբ մարդուն տալիս է հնարավորություն ստեղծելու իր ներաշխարհը: Միլանդան լավագույնն է այս ասպարեզում, ում հրավիրում են աշխարհի տարբեր երկրներ՝ ներկայացնելու իր արվեստը: Միլանդայի ամեն մի ցուցադրությունն ինձ համար հոգու տոն է»,-իր մտորումները բարձրաձայնեց գրող, հրապարակախոս Աբգար Ափինյանը:
Շատ յուրօրինակ էր արվեսաբան Մարինա Ստեփանյանի խոսքը նկարչուհու աշխատանքների մասին.
«Երբ սրահ մտա, միանգամից ուշադրություն դարձրեցի կոլորիտի վրա. գույները շատ ներդաշնակ են ու վերցված են բնությունից: Յուրաքանչյուր նկարի մեջ ես ասոցիատիվ տեսարաններ եմ տեսնում՝ արևածագ, մայրամուտ: Գույները նաև ունեն ձև, որը ոչ թե հալվող է, այլ որոշակի ծավալ ունեցող. կարծես թե ինչ-որ մամլող նյութից պատրաստված լինեն: Ես զգում եմ, որ նա ոչ թե նկարում է, այլ ձեռքերով այդ նյութը մամլում է: Նա ունի մածուցիկություն, պնդություն, ճկունություն, այսինքն՝ այստեղ ես իսկական գեղանկարչի մոտեցում եմ տեսնում: Ես կցանկանայի, որ Միլանդան նաև մի քանի փորձեր անի սյուժետային աշխատանքների մեջ, որովհետև նա այդ ձիրքն ունի, ինչը նույնպես հետաքրքիր կլինի»:
Միլանդա դե Մոնդը դեկտեմբերին մասնակցելու է Ֆլորենցիայի բիենալեին: Հաջողություն մաղթենք նկարչուհուն և սպասենք նրա նոր աշխատանքներին հայրենիքում:
Լուսինե Աբրահամյան