Մոսկվայում հայերն ու հրեաները ոգեկոչել են Ֆրանց Վերֆելի հիշատակն ու նրա Հայոց ցեղասպանության մասին գլուխգործոցը

Մոսկվայի ազգությունների տանը հայկական մշակութա-լուսավորչական «Արարատ» համայնքը երեկույթ է անցկացրել՝ նվիրված ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի հիշատակին և նրա «Մուսա լեռան 40 օրը» գրքի հոբելյանին: Վերֆելի գրքում նկարագրված են Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդի հերոսական պայքարի դրվագները: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին միջոցառման աջակից Ռուս-հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդից, Մուսա լեռան պաշտպանության, Վերֆելի և նրա գրքի մասին հիմնական տեղեկությունները հաղորդել է «Արարատ» կազմակերպության ղեկավար Էմանուիլ Դոլբակյանը:
Երեկույթում հատուկ աշխուժություն է մտցրել Մոսկվայի լեզվաբանական համալսարանի ուսանող Ալեքսանդր Լիստենգորտի ելույթը հայերենով: Երաժշտագեղարվեստական ծրագրում հնչել են Վերֆելի, Բորիս Չիչիբաբինայի, Եֆիմ Բերշինի և այլոց բանաստեղծությունները: Համերգ է ունեցել Արամ Խաչատրյանի անվան մանկական երաժշտական դպրոցի համույթը՝ մանկավարժ Ելենա Դուբինինայի գլխավորությամբ:
Վերֆելի և նրա գրքի մասին արտահայտվել ցանկացողների թիվը մեծ է եղել` ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան երկրորդ քարտուղար Վիկտոր Մելքումովը, Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական կազմակերպության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, Ռուս-հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունների ղեկավարներ` լրագրող Արամ Խաչատրյանը, պատմական գիտությունների թեկնածու Տիգրան Մանասյանը, հեռուստալրագրող Լեոնիդ Իոֆֆեն, պոետ Ալեքսանդր Կիրնոսը, Գալինա Կլիմովան, գիտությունների թեկնածու Բուրաստան Զուլումյանը, գրող Գոհար Ռշտունին և Ռոբերտ Բաբլոյանը:
Ավստրիացի գրող, հումանիստ, ազգությամբ հրեա Ֆրանց Վերֆելը «Մուսա լեռան 40 օրը» գրքի հեղինակն է, որը պատմում է Մեծ Եղեռնի տարիներին հայերի հերոսական պայքարի մասին: Ստեղծագործության համար հիմք է ծառայել 1915 թ. Կիլիկիայի Սուեդիայի շրջանի հայության հերոսական պայքարը թուրքական ջարդարարների դեմ։
«Մուսա լեռան 40 օրը» վեպը լույս է տեսել այն ժամանակ, երբ ամբողջ մարդկությանն սպառնում էր ֆաշիզմը: Գերմանիայում այն արգելվել է և հրապարակավ այրվել: Վեպը հայերեն հրատարակվել է 1935 թ-ին՝ Ե. Անդրեասյանի թարգմանությամբ:
http://armenpress.am/