Էկումենիկ աղոթք բարձրացվեց Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու կամարների ներքո
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/01/pent3023_1390812453.jpg)
Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու կամարների ներքո հնչեց հանուն քրիստոնյաների միասնության ամենամյա էկումենիկ աղոթքը, որի կարգախոսն էր «Անհնար է Քրիստոսի մասնատումը»:
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը 2014 թվականին ստանձնել է քրիստոնեական քույր եկեղեցիների և հարանվանությունների առաջնորդների խորհրդի նախագահի պարտականությունը: Վիրահայոց թեմի առաջնորդի հրավերով էկումենիկ աղոթքին մասնակցում էին Անդրկովկասի լատին կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Ջուզեպպե արքեպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-լյութերական Եկեղեցու առաջնորդ Հանս-Իոիահիմ եպիսկոպոս Կիդերլենը, Վրաստանում Ավետարանական-բապտիստական Եկեղեցու առաջնորդ Իլյա եպիսկոպոս Օսեփաշվիլին և այլ քույր Եկեղեցիների և հարանվանությունների հոգևոր դասի և հավատացյալների խմբեր:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում անդրադարձ կատարեց Էկումենիկ շարժման նկատմամբ Հայոց Եկեղեցու դիրքորոշմանը և գործուն մասնակցությանը միասնական աղոթքին: Նա կարևորեց այն, որ երկուհազարամյա պատմություն ունեցող Հայոց Եկեղեցին միշտ բաց է այլ դավանանքների հետ շփումների համար, և փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը էկումենիկ աղոթքի բոլոր մասնակիցներին: Սրբազան հայրը արժևորեց Հայ Եկեղեցու տոներն ու ծիսակատարությունները, շարականները, ժամերգությունները և խորհուրդները: Նրա առաջարկությամբ՝ Վիրահայոց թեմըէկումենիկ աղոթքին հանդես եկավ 9-րդ՝ հանգստյան ժամերգությամբ, որի ընթացքում աղոթք բարձրացվեց նաև Սիրիայում արյունահեղության և ահաբեկչությունների դադարեցման, Ուկրաինայում քաղաքացիական լարվածության վերացման և ողջ աշխարհում խաղաղության հաստատման համար:
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ