Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մամուլի ասուլիսը 2013թ գործունեության և 2014 թ ծրագրերի վերաբերյալ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/01/67.jpg)
Հունվարի 24-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի մամուլի ասուլիսը 2013թ. գործունեության և 2014թ. ծրագրերի վերաբերյալ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ՀՀ նախագահի կողմից նախարարության առջև դրված ռազմավարական խնդիրների լուծման ուղղությամբ գերատեսչության իրականացրած ծրագրերն ու միջոցառումները և 2014թ. գերակա խնդիրները:
«Մեր բոլոր ծրագրերն իրականացրել ենք Սփյուռքի հետ խորհրդակցելով, նրա աջակցությամբ: Եթե չլիներ Սփյուռքի մասնակցությունը, մեր ծրագրերն իրականություն չէին դառնա».- ասաց նախարարը և գոհունակությամբ նշեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության գոյության 5 տարիների ընթացքում ավելացել է վստահությունը և ծրագրերի մասնակիցների թիվը:
Նախարարն ընդգծեց, որ 2013թ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ուղղված է եղել երեք ռազմավարական խնդիրների լուծմանը՝ նպաստել հայապահպանությանը Սփյուռքում, հայկական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը և իրականացնել հայրենադարձությունը խթանող ծրագրեր:
Հրանուշ Հակոբյանը կարևորեց այն հանգամանքը, որ Սփյուռքը շատ տարողունակ հասկացություն է՝ բազմակարծիք, բազմալեզու, բազմակրոն: 7 միլիոն հայ է բնակվում աշխարհի 100 երկրում, գործում է 30 հազար հայկական կազմակերպություն, 18 համահայկական կառույց: Եվ բոլորին հնարավոր է միավորել միայն համազգային առաջնահերթությունների շուրջ՝
v Հայաստանի Հանրապետության զորացում և անվտանգության ապահովում.
v Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդրի խաղաղ կարգավորում.
v Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, դատապարտում և հետևանքների վերացում.
v Հայապահպանություն, Սփյուռքում ուծացման դեմ պայքար.
v Հայ եկեղեցու շուրջ համախմբում:
Նախարար Հ. Հակոբյանը կարևորեց մայրենի լեզվի տարածումը և ներկայացրեց այդ ուղղությամբ կատարված աշխատանքները:
Հրանուշ Հակոբյանը գոհունակությամբ նշեց, որ «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին 2013թ. մասնակցել է 240 սփյուռքահայ 17 երկրից: Դասընթացները կազմակերպվել են 5 ուղղությամբ՝ հայոց լեզվի արագացված դասընթաց, ուսուցիչների վերապատրաստում, ազգային երգի ու պարի դասընթացներ, սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց, սփյուռքահայ լրագրողների ամառային դպրոց: ՀՀ սփյուռքի նախարարությունը համագործակցել է ՀՀ ԳԱԱ հետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 6 ինստիտուտներում բացվել են Սփյուռքի բաժիններ:
Նախարարը կարևորեց սփյուռքագիտության ոլորտում կադրերի պատրաստման հարցը և նշեց, որ 2008թ. Երևանի պետական համալսարանի Բանասիրության ֆակուլտետում ստեղծված Սփյուռքագիտության ամբիոնը պատրաստել է 39 սփյուռքագետ-մագիստրոսներ, այսօր սովորում են 24-ը:
Նախարարը ներկայացրեց 2013թ ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով
Սփյուռքի հիմնախնդիրների վերաբերյալ հրատարակված գրքերը և գոհունակությամբ նշեց, որ հինգ տարվա ընթացքում տպագրվել է 95 սփյուռքագիտական հետազոտություն:
Նախարարի խոսքով` Սփյուռքի յուրօրինակ հանրագիտարան է ամեն տարի հրատարակվող Տարեգիրքը, որն իր կառուցվածքով և նյութերի ընդգրկմամբ հավակնում է դառնալու սկզբնաղբյուր հայ սփյուռքի պատմությունն ուսումնասիրողների համար: Տարեգրքում ներկայացված են ՀՀ գերատեսչությունների, հոգևոր կառույցների, համահայկական կազմակերպությունների՝ Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում իրականացրած միջոցառումները և այլ նյութեր:
Արդեն ավանդական դարձած «Արի տուն» երիտասարդների հայրենաճանաչության ծրագրին 2013թ մասնակցել է 924 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 36 երկրից:
Նախարարը մասնավորապես նշեց, որ «Արի տուն» ծրագիրը ոչ թե հայրենադարձության, այլ հայրենաճանաչության ծրագիր է: Այն նպաստում է սփյուռքահայ երիտասարդների՝ իրենց հայրենիքը փաստացի ճանաչելուն: Ծրագրի իրականացման շնորհիվ շուրջ 10.000 ընտանիքներ՝ մոտ 50.000 մարդ Հայրենիքից և Սփյուռքից այսօր շփվում են միմյանց հետ:
Նախարարության ռազմավարական խնդիրների լուծման գործում նախարարը կարևորեց համահայկական մասնագիտական համաժողովների անցկացումը:
Նա նշեց, որ 2013թ անցկացվել է 9 համաժողով՝ «Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում» և «Արդի լեզվաքաղաքականության հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովներ, «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական ֆորում, Օտարագիր հայ գրողների հինգերորդ համաժողով, Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողով, «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների հավաք-հանդիպում, ԱՊՀ համայնքների ղեկավարների հավաք, Սրտաբանների եվրակովկասյան համաժողով, Բանկիրների և ֆինանսիստների համահայկական երկրորդ, «Հարափոփոխ աշխարհ, փոփոխվող սփյուռք» խորագրով համաժողովներ:
Հրանուշ Հակոբյանը նախանշեց 2014թ կազմակերպվելիք համաժողովները, այդ թվում՝ «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համահայկական, Հայ կանանց համահայկական, Լրագրողների համահայկական 7-րդ, Գրողների համահայկական համաժողովները, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ տարածաշրջանային հանձնաժողովների ներկայացուցիչների հավաք: Ընդհանուր առմամբ 5 տարվա ընթացքում անցկացվել է 51 համաժողով:
Նախարարը կարևորեց նաև մշակութային միջոցառումները. «Մշակույթը ազգերի անձնագիրն է, մշակույթի միջոցով է ազգը վերադառնում արմատներին», – ասաց նախարարը: 2013թ. ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնին (սեպտեմբերի 26 -հոկտեմբերի 3) մասնակցել է շուրջ 500 հոգի Ճապոնիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Մերձավոր և Միջին Արևելքի և մի շարք այլ երկրներից:
Խոսելով «Մեր մեծերը» ծրագրի մասին՝ նախարարը նշեց, որ 2013թ. նվիրված էր հայ մեծանուն գործիչներին (Արշակ Չոպանյան, Գևորգ Զ Չորեքչյան, Վիլյամ Սարոյան) և Շախմատի Հայաստանի հավաքականին:
2014թ. Մեր մեծեր են հռչակվել Կոմիտասը, Հ. Թումանյանը, Սիամանթոն, Ա. Գորկին, Գ. Գյուլբենկյանը:
ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց սիրիահայերի սոցիալական, առողջապահական, բնակարանային, աշխատանքային, կրթական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի հետ նախարարության համագործակցությունը:
Ներկայացնելով նախարարության 2014թ. ծրագրերը՝ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ընթացիկ տարում շարունակվելու և ընդլայնվելու է համագործակցությունը համահայկական կառույցների հետ: «Առավել կակտիվանան և կընդլայնվեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող աշխատանքները: Սփյուռքի համայնքներում արդեն գործում է 37 հանձնաժողով: Մայիսին Երևանում կանցկացվի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների (լոբբիստների) հավաք-հանդիպում, որի արդյունքներով կկարողանանք ճշգրտել 2014 և 2015թթ. մեր հետագա քայլերը»,- նշեց նախարարը:
Վերջում ՀՀ սփյուռքի նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին: