Ֆրանսահայ համայնքը Օլանդին կոչ կանի Թուրքիայում խոսել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Թուրքիա պաշտոնական այցի նախօրյակին Ֆրանսիայի հայ համայնքը նախապատարաստվում է անցկացնել բողոքի ակցիա և հնչեցնել մի շարք պահանջներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:
«Մեր բողոքի ակցիան ուղղված է ոչ թե Թուրքիա պաշտոնական այցին, քանի որ դա երկու երկրներին վերաբերող հարց է, այլ մեր պահանջները կապված են Թուրքիայում Օլանդի կողմից հնչեցվելիք հարցերի հետ»,-նշեց Հրաչ Վարժապետյանը` հավելելով, որ մինչ այցի հաստատումը իրենք դիմել են այցը չեղյալ հայտարարելու հարցով: «Մենք Ֆրանսիայի նախագահին դիմել էինք ու առաջարկել զերծ մնալ այս շրջանում Թուրքիա այցելությունից, քանի որ դա կընկալվի որպես զորակցություն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որին վերջին ժամանակներում Թուրքիայի ժողովուրդը դեմ է»,-տեղեկացրեց Հայ դատի հանձնախմբի ղեկավարը: Այդուհանդերձ, Օլանդը որոշել է այցելել Թուրքիա, եւ ֆրանսահայ համայնքը նրանից պահանջելու է Թուրքիայի առջև բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
«Ներկայում Թուրքիան այս իրավիճակով իրավունք չունի անդամակցել Եվրամիությանը, քանի դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք պահանջում ենք, որ Եվրոպա մուտքի նախապայմաններից լինի ոչ միայն ժողովրդավարական արժեքների որդեգրումը, այլև Հայոց ցեղասպանության ճանաչումը: Օլանդը պետք է Թուրքիային հստակ հասկացնի, որ Հայաստան-Թուրիքա հարաբերությունները կապ չունեն Ֆրանսիայում կայացվող որոշումների հետ, դա Ֆրանսիայի ներքին լուծելիք խնդիրն է: Մեր երրորդ կոչը կլինի այն, որ Ֆրանսիայի նախագահը պահանջի Թուրքիային վերացնել Հայաստանի շրջափակումն առանց նախապայմանների: Իհարկե, այստեղ կա Ղարաբաղյան «թղթածրարը»: Մենք մեր բողոքն արդեն արտահայտել ենք Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հավանական ռազմական վաճառքի առնչությամբ»,-հավելեց Հրաչ Վարժապետյանը: Նա նաև նշեց, որ եթե Ֆրանսուա Օլանդը կատարի իրենց պահանջները, շատ բարի, բայց եթե չհնչեն կամ ընդհակառակը լինեն հակադիր հայտարարություններ, Ֆրանսիայի հայկական համայնքն ու Հայ դատի հանձնախումբը կհայտնեն իրենց դիրքորոշումն այդ կապակցությամբ:
Nouvelles d’Arménie ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանը տեղեկացրեց, որ բողոքի ակցիան տեղի կունենա կիրակի` հունվարի 26-ին, Փարիզի մարդու իրավունքների հրապարակում:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիա կայցելի 2014 թ. հունվարի 27-28-ը: Այցելության շրջանակում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման, Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու և Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ հարցեր: Ֆրանսիայի նախագահի մակարդակով այցելությունը Թուրքիա վերջին անգամ տեղի է ունեցել է 1992 թ.` Ֆրանսուա Միտերանի օրոք:
Պատրաստեց Անի Նազարյանը
http://armenpress.am/