ԱՄՆ պետդեպում տեղյակ չեն ադրբեջանական դիվերսիայի մանրամասներին

ԱՄՆ պետքարտուղարությունում տեղյակ չեն ադրբեջանական դիվերսիայի մանրամասներին և խոստացել են ուսումնասիրել փաստերը: Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ընթացքում հայնտել է ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակի տեղակալ Մարի
Հարֆը` միաժամանակ կոչ անելով կողմերին խուսափել բռնությունից և խնդիրները լուծել խաղաղ ճանապարհներով:
Լրագրողը խնդրել է Պետքարտուղարութան դիրքորոշումը ներկայացնել հունվարի 19-ի լույս 20-ին ադրբեջանական դիվերսիոն խմբերի հարձակման և հայ զինվոր Արմեն Հովհաննիսյանի սպանության կապակցությամբ: «Ես տեղյակ չեմ կոնկրետ միջադեպին: Ուրախ կլինեմ այն ստուգել և մեկնաբանություն ստանալ ձեզ համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատասխանել է Հարֆը: Լրագրողը մեջբերել է ԱՄՆ- ի հայկական կազմակերպությունների և վերլուծաբանների մեղադրանքներն այն մասին, որ ադրբեջանական սպառնալիքների կամ հարձակումների պարագայում, ինչպես տեղի էր ունեցել մի քանի օր առաջ, Պետդեպարտամենտը, փոխանակ քննադատելու բռնության ակտը և հրադադարը խախտած կողմին` այս դեպքում Ադրբեջանին, հանդես է գալիս շատ ընդհանրական հայտարարություններով:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկու ուղղությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ է կատարել: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններով էլ անցել են կազմակերպված պաշտպանության և, հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ, հետ շպրտել ելման դիրքերը: Փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վերքից` հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում, իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ, զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։
http://armenpress.am/