Սերգեյ Խաչատրյանը ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/01/download4.jpg)
Համաշխարհային ճանաչում ձեռք բերած հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ստացել է շվեյցարական Credit Swiss բանկի ամենամյա մրցանակը` ճանաչվելով «Աշխարհի լավագույն երիտասարդ երաժիշտ»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով novostink.ru կայքը, ջութակահարին պարգևատրելու արարողությունը տեղի է ունեցել Վիեննայում հունվարի 18-ին: Ժյուրիի կազմը գլխավորել է Լյուցեռնի փառատոնի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Գաֆլիգերը:
Միաժամանակ Սերգեյ Խաչատրյանն արժանացել է նաև մրցանակի` շվեյցարական 75 հազար ֆրանկ գումարի չափով, ինչը երաժշտական բնագավառում «ամենաթանկ» մրցանակներից մեկն է: Մրցանակը նաև ենթադրում է, որ ջութակահարը կմասնակցի Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգի: Այն Գուստավո Դուդամելյայի ղեկավարությամբ կկայանա սեպտեմբերի 13-ին: Google+ համակարգում շվեյցարական բանկի վերջին հրապարակային գրվածքը վերաբերում է հայ երիտասարդ երաժշտին. նրան շնորհավորել են հաջողության ու կոչմանն արժանանալու համար:
Սերգեյ Խաչատրյանի վերջին համեգը Երևանում կայացել է 2013 թ. սեպտեմբերի 15-ին, երբ նա «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Սերգեյ Խաչատրյանը նվագում է 1740 թ. Ջ.Գվարներիի ստեղծած «Իզայի» ջութակով, որը նրան սիրով տրամադրել է ճապոնական Nippon երաժշտական հիմնադրամը: Համերգի նախօրեին հրավիրված ասուլիսում Խաչատրյանը խոստովանել էր, որ սեփական ժողովրդի համար նվագելը յուրահատուկ զգացողություն է, որն այլ բեմերում հնարավոր չէ ապրել։
armenpress.am