Մարսելահայերը բողոքի ցույց կանցկացնեն՝ Օլանդի Թուրքիա այցի կապակցությամբ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/01/910289.jpeg)
Մարսելահայերը հունվարի 25-ին բողոքի ցույց կանցկացնեն՝ հունվարի 27-28-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Թուրքիա կայանալիք այցի կապակցությամբ: Այս մասին գրում է «Nouvelles d’Arménie» ամսագիրը:
«Այդ իրադարձությունը թուրքական իսլամապահպանողական վարչակարգի հետ Փարիզի սերտացման մասն է՝ Եվրոպա Թուրքիայի մուտք գործելու բանակցություններում նոր հատոր բացելուն զուգահեռ: Եվրոպական արժեքներին հավատարիմ բոլոր ֆրանսիացիները, լինեն հայ թե ոչ, խնդրում են մեր նախագահին ավելի խիստ դիրքորոշում ունենալ մի երկրի նկատմամբ, որը չի հարգում մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքները, բանտարկում է լրագրողներին, տասնամյակներով շարունակում է Հայաստանի արգելափակումը, անօրինաբար գրավել է հյուսիսային Կիպրոսը եւ շարունակում է չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կոչին համաձայն՝ մենք մեր դժգոհությունը կհայտնենք մեր շրջանում, ինչպես որ կարվի Փարիզում, Լիոնում եւ այլ քաղաքներում»,– ասվում է կազմակերպիչների հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Փարիզում իր նիստի ժամանակ անդրադարձել էր 2014թ. հունվարի 27-28-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Թուրքիա կայանալիք այցին: «Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը վճռել է Ֆրանսուա Օլանդի այցի նախօրեին ամբողջ երկրով Եվրոպային Թուրքիայի ինտեգրվելու դեմ բողոքի ցույցեր անցկացնել: Խորհուրդը նաեւ իշխանություններից պահանջում է իրավական միջոցներ տրամադրել՝ Հայոց ցեղասպանության հերքման դեմ պայքարելու համար»,– նշվել է խորհրդի հայտարարության մեջ: