Ամանորյա տոնական հանդես Պրահայի շաբաթօրյա դպրոցում

Հունվարի 11-ին Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցում տեղի ունեցավ տոնական հանդես։ Ավանդական ցերեկույթը բացեց դպրոցի տնօրեն Արմեն Քոլոյանը, ով շնորհավորելով ներկաներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ տարիքային տարբեր խմբերի երեխաներին հրավիրեց ներկայացնելու ամանորյա երգ ու պար։ Ուսուցչուհիներ Ծովինար Բեյբությանի, Գոհար Մելիքյանի, Անժելա Դադայանի սաները ոչ միայն երգեցին, պարեցին ու ասմունքեցին, այլեւ փոքրիկ բեմադրություններ ներկայացրին։
Իսկ ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանի ավագ դասարանի սաները ներկայացրին մի հատված Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմից։
Հանդեսի ավարտին կատարված աշխատանքը բարձր գնահատեցին Հայ Առաքելական Եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը եւ Չեխիայում ու Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Վերջում Հայ Առաքելական Եկեղեցու ծխական խորհրդի հոգաբարձու Արմեն Անանիկյանի կողմից դպրոցի սաներին ու ուսուցիչներին բաժանվեցին ամանորյա նվերներ։
Orer.eu