Սամվել Հարոյան. «Տարին ՀՀ սփյուռքի նախարարության համար մշակութային առումով արգասաբեր էր…»

Ավարտվում է ևս մի տարի` 2013-ը: ՀՀ սփյուռքի նախարարությունը փակում է իր տարեգրության այդ էջը` իրականություն դարձած բազմաթիվ հայանպաստ ծրագրերով: «Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է Նախարարության «Իմ Հայաստան»  փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանի հետ:

–  Պարո´ն Հարոյան, համամի՞տ եք, որ 2013 թվականը աշխատանքի բերումով հաջողված տարի էր:

–  Համամիտ եմ: Ելնելով իմ բնավորությունից` չեմ սիրում արդյունքների մասին գովեստով խոսել, սակայն չեմ կարող նաև չխոստովանել, որ տարին ՀՀ սփյուռքի նախարարության համար մշակութային առումով, իրոք, արգասաբեր էր: Տարվա ընթացքում կազմակերպված միջոցառումների շարքում նշանավորվեց «Կոմիտաս վարդապետ» փառատոնը, որին մասնակցեցին Սփյուռքի և Հայրենիքի բազմաթիվ կատարողներ:

–  Ո՞մ մտահղացումն էր Կոմիտասին նվիրված փառատոնի կազմակերպումը:

–  Դեռևս անցյալ տարի` «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ավարտից հետո, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մտահղացավ հաջորդ հայապահպան ծրագիրը` նվիրված մեծն Կոմիտասին: Հոգիս փառավորվեց այդ մտքից: Տարեսկզբին ստեղծվեց գեղարվեստական խորհուրդ` կազմված արվեստագետներից, երաժիշտներից, երաժշտագետներից, ստեղծվեց աշխատանքային խորհուրդ: Ուսումնասիրվեցին Կոմիտասին նվիրված հոդվածներ, գրքեր, սկավառակներ, պրպտեցինք արխիվը: Կոմիտասն այնքան տարողունակ է իբրև երաժիշտ-երգիչ, բանահավաք, մանկավարժ, երաժշտագետ, խմբավար, բանաստեղծ, կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր… Կոմիտասը գծանկարների հեղինակ է, պարել է նաև. այնպես որ՝ սեղմ ժամկետում այդ հսկայածավալ մեծությանը ներկայացնելն այնքան էլ դյուրին չէր, ուստի աշխատում էինք գիշերուզօր, որպեսզի կարողանանք փառատոնը պատշաճ մակարդակով կազմակերպել: Փառք Աստծո, կարողացանք պատվով դուրս գալ այդ հաճելի ու ծանր բեռի տակից: Գնահատականներն ինքնին խոսում էին արդյունքի մասին: Այդ փառատոնի օրերին մի անգամ ևս կարողացանք մեր ժողովրդին, մեր երիտասարդությանը մաքրագործել Կոմիտասով: Գրքեր տպագրեցինք, ձայնասկավառակ թողարկեցինք:

–  Պարո´ն Հարոյան, քանի՞ տարի է, որ աշխատում եք ՀՀ սփյուռքի նախարարությունում, և այդ տարիներին սեփական ի՞նչ նախաձեռնություններով, ծրագրերով եք հանդես եկել, որոնք կյանքի են կոչվել:

–  Շուտով կլրանա 2 տարի, ինչ աշխատում եմ այս նախարարությունում: Սեփական նախաձեռնություններ, մտահղացումներ եղել են և լինելու են: Բազմաթիվ ծրագրեր կյանքի են կոչվել. դրանցից լավագույններն իրագործվել են «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում (ես առաջարկել եմ այդ փառատոնի ընթացքում արվեստի ճյուղերը ներկայացնել առանձին-առանձին)` դուդուկի փառատոնը, պարարվեստի, խմբերգային արվեստի, ասմունքի օրերը… Իմ առաջարկով որոշվեց սեպտեմբերի 26-ը` Կոմիտասի ծննդյան օրը, համարել Հայ երգի օր: Այս առումով նախարարը հանձնարարական է տվել իրավաբանական բաժնին, որպեսզի համապատասխան փաստաթղթերով ներկայանանք Կառավարություն և փորձենք իրականացնել այդ ծրագիրը ևս: Ես նաև առաջարկել եմ բացօթյա միջոցառումների շարք անցկացնել. այդ տոնախմբություններն անցյալ տարի կազմակերպեցինք Աշնակ գյուղում: Գալիք տարում Օշական գյուղում ևս կլինի նման տոնախմբություն` առավել հագեցած: Սկզբում մասնակիցներն իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Մեծ Ուսուցչին: Տոնախմբության հետագա օրերին մասնակիցներն իրենց ձեռքերով լավաշ կթխեն, կծանոթանան հայկական կենցաղի ու մշակույթի ավանդույթներին:

–  Ձեզ մի լավ միտք հուշեմ. գուցե 2014-ին իրականացնենք նաև անհետացող հայկական հին նվագարանների՞ փառատոն:

–  Հրաշալի միտք է: Ճիշտ է, մենք մի քիչ շատ ենք տուրք տալիս դուդուկին, բայց այս նոր տարում կաշխատենք, որ դուդուկի հետ ներկայացնենք նաև հայկական մյուս հին նվագարանները: Դա ցավոտ հարց է. մոռացված նվագարանները այլևս չեն ձգում այսօրվա երիտասարդությանը: Մանկավարժական համալսարանի երաժշտության ամբիոնի վարիչ, մեր սիրելի Արա Գևորգյանը միշտ բարձրաձայնում է այդ մասին: Դա իսկապես անհանգստացնող երևույթ է. վաղը-մյուս օրը մենք այլևս ոչ մի երաժիշտ չենք ունենա, ով կտիրապետի հայկական հնագույն նվագարաններին: Ձեր առաջարկն, իրոք, հրաշալի է, շնորհակալություն, կարծում եմ, որ կկարողանանք կյանքի կոչել նաև այդ ծրագիրը: Բոլոր ծրագրերի իրականացման համար ես պիտի իմ երախտագիտությունը հայտնեմ մեր նախարարին` տիկին Հակոբյանին, ով բազմաթիվ հայապահպան ծրագրերի հեղինակ է, և ոչ մի մտահղացում չի մնում սոսկ թղթերի վրա…

–  Պարո´ն Հարոյան, գիտեմ, որ Դուք միշտ էլ մեծամասշտաբ ծրագրերի հեղինակ և կատարող եք եղել նաև Հայաստանից դուրս. որտե՞ղ է դրանք ավելի հեշտ եղել իրականացնել` դրսո՞ւմ, թե՞Հայրենիքում, որտե՞ղ են ավելի շատ խանգարողներ եղել…

–  Հարցը շատ հետաքրքիր է և սպասելի: Ցավոք, այսօր խանգարողները շատ-շատ են: Երբ մենք անկախություն ձեռք բերեցինք, թվում էր, թե առաջին հերթին զարկ կտրվի ազգային երաժշտարվեստի զարգացմանը, սակայն առավել շատ աղբ ներմուծվեց Հայաստան, բեմերն ու եթերը լցվեցին պատեհապաշտներով: Եթե այս դաշտում լուրջ հսկողություն լիներ, այդ վիճակը չէր ստեղծվի: Ինչ վերաբերում է դրսում կամ Հայրենիքում աշխատելու հեշտությանը, պիտի ասեմ՝ երբ գործդ սիրում ես, ամենուր և միշտ հեշտ է աշխատել, իսկ դժվարությունները միշտ կապված են ֆինանսական խնդիրների հետ: Միջոցառումներ կազամկերպելու համար 3 կարևոր բաղադրիչ մասեր կան` ստեղծագործական, կազմակերպչական և ֆինանսական. այս վերջինի բացակայությունը կամ բավարար չլինելը դժվարություններ է առաջացնում:

–  Դուք Ձեզ բավարարված զգո՞ւմ եք այն դաշտում, ուր այսօր ներգրավված եք և աշխատում եք:

–  Այո´: Ես շնորհակալ եմ Սփյուռքի նախարարին այս առաջարկի համար: Ես իրականացնում եմ նաև սեփական ծրագրեր. հրատարակել եմ «Գրպանի երգարանը», եկող տարի նախապատրաստում եմ 36 հատորով (մեր այբուբենի 36 տառերի թվով) հրատարակել ազգային երգարաններ` շարականներից մինչև մեր օրերը: Յուրաքանչյուր հեղինակի (ասենք` Ջիվանի, Սայաթ-Նովա…) անդրադառնալիս համագործակցում եմ համապատասխան մասնագետների հետ:

–  Երբևէ մտահղացե՞լ եք մանկական երգերի, պարերի, երգչախմբերի և պարախմբերի համահայկական փառատոն կազմակերպել` անդրադառնալով նաև դասական պարարվեստին ու երգերին:

–  Նման ծրագիր կա. հենց այդ 36 հատորյակի 2 հատորները նվիրված են մանկական երգերին: Ինչ վերաբերում է միջոցառումներ կազմակերպելուն, մենք անցյալ տարի անհատ կատարողների փառատոնի շրջանակներում համագործակցեցինք մանկական «Աստղիկներ» համույթի գեղարվեստական ղեկավար Լիլիթ Դանիելյանի հետ, ով մանկական շատ միջոցառումների հեղինակ ու կազմակերպիչ է:

–  Ունենք շատ արվեստագետներ, ովքեր ընդհանրապես գնահատված չեն. նրանցից ո՞ւմ կանդրադառնաք Կոմիտասից հետո:

–  Այո´, ունենք մեծ արվեստագետներ, չգնահատված մեծություններ` Կարա-Մուրզան, Եկմալյանը, Համբարձում Լիմոնջյանը, Եղիա Տնտեսյանը և այլք, որոնց պիտի անդրադառնանք:

–  Ձեր աշխատանքն այդ առումով շարունակական է, որովհետև Հայոց Պառնասում, հիրավի, այնքան մեծություններ ունենք, որոնց դեռ պիտի անդրադառնաք: Ես Ձեր ծրագրին մաղթում եմ անխափան, շարունակական ընթացք, լավ ընկերներ, աջակիցներ, հովանավորներ և սփյուռքյան կառույցների մշտապես գործուն մասնակցություն:

–  Շնորհակալություն բարեմաղթանքների համար: Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլոր այն կառույցներին, ովքեր համագործակցում են մեզ հետ, օգնում, աջակցում: Փորձենք յուրաքանչյուրս զբաղվել մեր գործով, լինենք այնտեղ, որտեղ կարող ենք մեր երկրին, մեր ժողովրդին օգտակար լինել: Մաղթում եմ, որ այս նոր տարում բոլորի մոտ ավելանա նվիրումը ազգին, Հայրենիքին, հայապահպանության գործին:

Զրուցեց  Կարինե Ավագյանը

 

Scroll Up