«Արի պարի քոչարի» համահայկական ֆլեշմոբն ընդլայնել է աշխարհագրությունը
Արդեն 2 տարի շարունակաբար Հայաստանում և սփյուռքյան համայնքներում տեղի է ունենում իր տեսակի և ծավալի մեջ եզակի՝ «Արի պարի քոչարի» խորագրով մշակութային միջոցառում, որն ինքնին աշխարհասփյուռ հայությանն ուղղված միասնության կոչ է:
Համահայկական նախագիծը մեկնարկել է 2018 թ. մարտին՝ Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի «Հայկական մշակույթի տան» նախաձեռնությամբ, որի նպատակն է պարելով ազգային «Քոչարին»՝ համախմբել աշխարհի տարբեր կողմերում բնակվող հայերին, ամրագրել նրա տեղը «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի կողմից ընդունված ազգային արժեքների ցանկում, ինչպես նաև օտարազգիներին ծանոթացնել հայկական մշակույթին։
Այս տարի ֆլեշմոբը նվիրված էր հայ անվանի մեծերի՝ Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և կոմպոզիտոր Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին: Կազմակերպիչները, բացի «Կարնո քոչարիից», ծրագրում ընդգրկել էին նաև Կոմիտասի գրի առած պարեղանակներից՝ «Շորորը»:
Ամփոփելով 2019 թ. ֆլեշմոբի աշխատանքները` նախաձեռնության հեղինակ Սիրանուշ Խաչատրյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց, որ մայիսի 25-ին աշխարհի 30-ից ավելի երկրներում, 100 քաղաքներում 141 մասնակից խումբ ձեռք-ձեռքի տված՝ պարել են. մարդիկ հեղեղել են փողոցներն ու հրապարակները, օդը լցվել է Քոչարու խրոխտ և «Շորորի» անուշ ելևէջներով, իսկ համացանցը ողողվել #aripariqochari հեշթեգը կրող տեսագրություններով:
Պարզ դարձավ, որ այս անգամ համահայկական ֆլեշմոբին միացել են բազմաթիվ օտարերկրացիներ, այդ թվում նաև պաշտոնատար անձինք, ինչն էլ փաստում է, որ «Արի պարի քոչարի» համաշխարհային շարժման վերածված նախագծի մասնակիցը կարող է լինել յուրաքանչյուրը, անկախ տարիքից, սեռից, պարային ունակություններից, հասարակությունում զբաղեցրած դիրքից և ազգությունից:
«Մասնակիցների ոգևորությունն անսահման է, և միջոցառումը ամենամյա դարձնելու պահանջ կա՝ ամեն անգամ այն նվիրելով հայ ժողովրդի պատմությունը կերտած որևէ անձի կամ իրադարձության։ Ի վերջո, եթե կա նպատակ, առիթ անպայման կգտնվի։ Դե ուրեմն, մինչ 2020թ. մայիս»,-զրույցն ամփոփեց Սիրանուշ Խաչատրյանը: