Կապանի օդանավակայանը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին

Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանը ներդրումային ծրագրի շնորհիվ կհամապատասխանեցվի միջազգային ստանդարտներին ու կվերագործարկվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 27-ին մեկնարկած «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը։
«Կապանի օդանավակայանը խորհրդային տարիներին օրական ունեցել է 10-12, իսկ հատուկ օրերին մինչև 16 չվերթ։ 2017թ. «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամ»-ը հիմնեց «Սյունիքի օդանավակայան» ՍՊԸ-ն։ 2017թ. սեպտեմբեր ամսին Կապանի համայնքապետարանի և ընկերության միջև կնքվեց կոնցեսիոն պայմանագիր, որը նախատեսում էր վերագործարկել օդանավակայանը։ Արդյունքում ունենալու ենք միջազգային ստանդարտներին համապատասխան օդանավակայան, ներդրվելու են թռիչքատեխնիկական նոր համակարգեր»,- ասաց Թադևոսյանը։
Ծրագրի շրջանակներում ընդհանուր նախատեսվում է իրականացնել 2.3 մլրդ դրամի ներդրում, որից 800 միլիոնն արդեն արված է։
Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:
Համաժողովին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ, գործարարներ, բարձրաստիճան պետական այրեր։