Թողարկվել է «թումանյանական» գինիների հատուկ շարք

Այս տարի հայ ժողովուրդը տոնում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը: Հիրավի, այն մեծ տոն է հայ ժողովրդի կյանքում, որովհետև Հովհաննես Թումանյանը համազգային, համամարդկային երևույթ է. նրա հանճարի լույսն ու ահագնությունը, հայ գրականության և իրականության մեջ նրա շքեղ փայլատակումը, թողած խոր և անեղծանելի հետքը ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության աստվածային շնորհն են:

Թումանյանի մասին եղած հուշերը փաստում են, որ նա սիրում էր մասնակցել խնջույքների և իր խոսքին հատուկ շքեղությամբ կենացներ խմել: Բազմաթիվ են պատմություններն այն մասին, որ Թումանյանը սիրում էր գինի խմել: Վահան Թոթովենցն իր հուշերում պատմում է, որ Թումանյանը գինի էր խմում հատուկ հանդիսավորությամբ. «Թումանյանը գինի էր խմում էպիկական հանդիսավորությամբ: Նրա համար գինու բաժակը բերանը տանելը մի սրբազան արարողություն էր: Սովորություն ուներ, որ խոսքը սկսելիս բաժակը ցած էր դնում միայն այն դեպքում, երբ երկու ձեռքերն էլ հարկավոր էին խոսքն ուժեղացնելու համար: Գինին նրա համար հոմերական ըմպելիք էր, դրա հետ կապված էր էպիկական բովանդակ պոեզիայով»։

Այս տարի մեծանուն գրողի հոբելյանին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում: Բայց էլ ի՞նչ տոնակատարություն առանց թումանյանական կենացների ու նրա սիրելի գինու: Այս հրաշալի առիթի կապակցությամբ «Արմենիա Վայն» ընկերությունը և Հ. Թումանյանի թանգարանը համատեղ  նախաձեռնությամբ թողարկել են «Տակառ» գինիների հատուկ շարք, որոնք փաթեթավորված են հոբելյանական հատուկ դիմապիտակներով, և մայիսի 16-ին հենց գրողի թանգարանում կազմակերպվեց գինետոն:

Նոր գինիները հնարավոր է ձեռք բերել հենց թանգարանի հուշանվերների բաժնում: Շուտով  սահմանափակ քանակությամբ դրանք հասանելի կլինեն նաև առևտրային և ժամանցային կենտրոններում։ Գինին ինքնին ստեղծում է յուրահատուկ նրբերանգներով տրամադրություն, բայց այս անգամ այն ուղեկցվելու է թումանյանական քառյակների իմաստնությամբ, որոնք գրքույկների տեսքով տրամադրվելու են գինու հետ միասին։

«Տակառ» գինին հայաստանյան գինեգործության հնագույն պատմության յուրահատուկ մարմնավորում է, որն արտահայտում է հայկական տերուարի (ծննդավայր, այսինքն՝ աշխարհագրական բնութագիր-Հ.Ա.)անզուգական հարստությունը։

Scroll Up