Բուլղարիայում տեղի ունեցավ Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ

Մայիսի 13-ին «Եվրոպական երաժշտություն» փառատոնի շրջանակներում Սոֆիայի ֆիլհարմոնիկ համերգասրահում Բուլղարիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ հայ դասական կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների համերգ: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Համերգի ընթացքում Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Միրզոյանի և Հայկ Բոյաջյանի գործերը կատարեց հայ երիտասարդ դաշնակահար, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Արմեն-Լևոն Մանասերյանը:
«Եվրոպական երաժշտություն» համերգաշարի կազմակերպիչները նշեցին, որ առանձնահատուկ նշանակություն են տալիս Եվրոպայի մշակութային ժառանգության պահպանմանն ու հաջորդ սերունդներին դրա փոխանցմանը, և այդ գործում ապավինում են եվրոպական աշխարհամասում բնակվող ժողովուրդների կարևոր առաքելությանը:
Համերգն ունեցավ մեծ հաջողություն՝ արժանանալով ունկնդիրների ջերմ ընդունելությանը: