«Հայրենների խճապատկերը» խորագրով ցուցահանդես Բելգիայում

Բելգիայի Մեխելեն քաղաքում մայիսի 4-ին կայացավ լուսանկարիչ Նաիրի Մանուկյանի «Հայրեններ» խորագրով ցուցահանդեսը: Ներկայացված նկարները միավորում էին Հայաստանը, Արցախը, Սփյուռքն ու Ջավախքը: Սա Նաիրիի թվով 4-րդ, իսկ արտերկրում՝ 1-ին ցուցահանդեսն էր:

Ինչպես «Հայերն այսօրին» հայտնում է Ինեսսա Սիրեկանյանը, մեխելենյան արվեստասեր հասարակությանը Նաիրի Մանուկյանը ներկայացրեց «Հայրենների» ողջ ֆոտոշարքը՝ արցախցու, ջավախքեցու հոգեկերտվածքը և կենսակերպը, գեղեցկությունն ու խորությունը, տարբերվող լինելը:

Ցուցահանդեսը իրականացվել է Բելգիայի Մեխելեն քաղաքի «Անի» հայերի միության կողմից՝ «Հայոց տան» բացման շրջանակներում: Ցուցահանդեսին ներկա էին Մեխելենի քաղաքապետ Բարտ Սոներսը, Մեխելենի հայ համայնքի ղեկավար Էրիկ Ենոքյանը, համայնքի վարչության ներկայացուցիչները, Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության աշխատակիցներ, Բելգիայի տարբեր քաղաքների հայ համայնքների անդամներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Խոսելով ջերմ ընդունելության մասին՝ ցուցահանդեսի կազմակերպիչ Մամիկոն Խուրշուդյանը նշեց, որ Եվրոպայի հայերը մեծ ջերմեռանդությամբ և սիրով են ընդունում նման նախաձեռնությունները, որոնք հայապահպանության, հայրենաճանաչության և Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման լավագույն օրինակներից են:

Բելգիահայ երգչուհի Կարինե Օհանյանը ցուցահանդեսի կազմակերպիչներին առաջարկել է ցուցահանդեսը Բելգիայում բնակվող օտարազգիների դատին հանձնել նաև սույն թվականի սեպտեմբերին:

Scroll Up