Հայոց ցեղասպանության թեմայով սեմինար Եկատերինբուրգում
Ապրիլի 28-ին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքի կիրակնօրյա հայկական դպրոցում ուսուցիչների, ծնողների, հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված սեմինար` դպրոցի տնօրեն Արմեն Բաղդասարյանի գլխավորությամբ:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, Արմեն Բաղդասարյանը համակողմանի ու ընդգրկուն ներկայացրեց հայ ժողովրդին վերացնելու Օսմանյան Թուրքիայի ծրագրած ու համակարգած քաղաքականությունը, 19-րդ դարավերջին արևմտահայերի տնտեսական և սոցիալական դրությունը, Հայկական հարցի միջազգայնացումը, հայ ազգային կուսակցությունները, արևմտահայերի ցեղասպանության ծրագրի իրագործման սկիզբը, Երիտթուրքերի հեղաշրջումը, Հայոց ցեղասպանությունն ու միջազգային հանրության արձագանքը:
Անահիտ Կարապետյանը ներկայացրեց «Նեմեսիս» ծրագիրը, խոսեց արդյունքների և այն մասին, որ ողջ հայությունը շարունակում է պայքարել ո´չ միայն ճանաչման, այլև արժանի հատուցման, պահանջատիրոջ դիրքից ամբողջական հայրենիքի վերականգնման արդար նպատակի համար:
Նաիրա Թորոսյանն անդրադարձավ եղեռնազոհ գրողներին, նրանց կենսագրության հիշարժան տվյալներին, խոսեց «Եղեռնազոհ գրողներ» մեկնակետի արժեք ունեցող գրքի մասին` վերարժևորելու հանճարեղ ու հերոս գրողներին, հաստատելու պատգամը` հիշում եմ և պահանջում, որը սոսկ պատգամ չէ, այլ մեր հաղթանակների ու պարտությունների, բռնի տարագրության, մեր կիսատ թողած իղձերի 104-ամյա խտացումն է, որը հաստատեց Եկատերինբուրգի կիրակնօրյա հայկական դպրոցի տնօրեն Ա. Բաղդասարյանի գլխավորությամբ կազմակերպած սեմինարը:
Իսկ ներկաների երկար լռությունը հիշեցումն էր այն աննահանջ հավատի մասին, որ հողը սպասում է մեզ` իրեն հիշող ու պահանջատեր տիրոջը: