Կատալոնիայի Յորետ դե Մառ քաղաքում կկառուցվի Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված հուշակոթող

Ապրիլի 24-ին Կատալոնիայի Յորետ դե Մառ քաղաքում տեղի հայկական համայնքը, «Հայկական ասոցիացիա»-ի նախագահ Սամվել Բադալյանի նախաձեռնությամբ, համախմբված հիշատակել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է «Արարատի ձայն» լրահոսի աշխատակից Ժաննա Դավթենցը, քաղաքի կաթոլիկ եկեղեցում կաթոլիկ քահանա Մարտիրիա Բրուգադան ընթերցել է աղոթք՝ ի հիշատակ Ցեղասպանության նահատակների։

Արարողությունից հետո համայնքի անդամները հավաքվել են քաղաքապետարանի կողմից քաղաքի կենտրոնական մասում հատկացված վայրում, որտեղ շուտով պետք է կառուցվի Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված հուշակոթող։ Այդ ազգանվեր գործում իր իր դերակատարությունն ունի «Հայկական ասոցիացիա»-ի նախագահ Սամվել Բադալյանը, որն իր եռանդուն գործունեությամբ մասնակցություն է ցուցաբերում նաև այլ նախագծերում։

Հավաքվածները ծաղիկներ են դրել հուշակոթողի կառուցման փաստն արձանագրող հուշաքարին, որն այնուհետև օծվել է կաթոլիկ քահանայի կողմից: Այնուհետև համայնքի անդամ Հովհաննես Հարությունյանը ընթերցել է Տերունական  աղոթքը: Միջոցառումն ավարտվել է Սանտա Կոլոմայի «Արարատ» միության նախագահ Սարգիս Հակոբյանի ելույթով, որը կատալոնացի հյուրերին իրենց մայրենիով ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ և նշել կատալոնյան այն քաղաքների անունները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ հույս հայտնելով, որ Յորետ դե Մառն էլ շուտով կհետևի նրանց օրինակին։

Scroll Up