ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ է անում բոլոր հայերին՝ դատապարտել Եվրադատարանի որոշումը

Հարգելի՛ հայրենակիցներ.

Մարդկային իրավունքների Եվրոպական դատարանը ս.թ. դեկտեմբերի 17-ին բավարարել է թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեկի հայցն ընդդեմ Շվեյցարիայի, որին շվեյցարական դատարանը պատժել էր Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու և «Ցեղասպանությունը միջազգային սուտ է» հայտարարությունն անելու համար: Այս անգամ ևս կյանքը ցույց տվեց, որ շատ հաճախ գործում են երկակի ստանդարտներ, և տնտեսական շահերը երբեմն վեր են դասվում մարդկային իրավունքներից, որն, իհարկե, անընդունելի պետք է լինի 21-րդ դարում ապրող հասարակությունների համար:

Թուրք գործչի հայցը Եվրադատարանում միաձայն չի ընդունվել. այն մի քանի դատավորների որոշման արդյունք է։ Իհարկե, թուրքական լոբբին մեծ ջանքներ է գործադրել: Եկել է այն պահը, որ մենք՝ հայերս, տանք ավելի ուժգին հակահարված, որպեսզի այլ քաղաքական և պետական կառույցներ չմատնանշեն Եվրադատարանի այս որոշումը:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կայացրած այս որոշումը վերջնական չէ, և երեք ամսվա ընթացքում Շվեյցարիայի ղեկավարությունն իրավունք ունի բողոքարկելու այն: Հայկական կողմը, ի դեմս սփյուռքյան մեր կառույցների, անհատների, պետք է լրջորեն օգնի Շվեյցարիային: Բացի այդ, պետք է կազմակերպել բողոքի ակցիաներ եվրոպական երկրների համապատասխան մարմինների առջև (խորհրդարան, կառավարություն և այլն)՝ պահանջելով, որ այդ երկրներն իրենց հերթին ուշադրության կենտրոնում պահեն նշված հարցը և թույլ չտան, որ ևս մեկ անգամ ոտնահարվի հայերի արժանապատվությունը, խեղաթյուրվի իրականությունը, և ճանապարհ բացվի նոր ցեղասպանությունների համար: Մարդկային իրավունքների Եվրոպական դատարանը կայացրել է ոչ իրավական, այլ քաղաքական դատավճիռ:

Յուրաքանչյուր հայ պետք է բողոքի նամակ հղի Եվրադատարան, պահանջի արդարություն, պահանջի, որ դատարանը չվաճառի իր խիղճը. այն չի կարող ուրանալ ցեղասպանությունը:

Եվրադատարանի այս էլ. հղումն (http://appform.echr.coe.int/echrrequest/request.aspx?lang=gb) օգտագործելով՝ կարող եք Ձեր հաղորդագրություններն ու բողոքներն ուղղել դատարանին:

Այս կապակցությամբ դիմում եմ սփյուռքյան բոլոր կառույցներին և հորդորում, որպեսզի բոլորս համախմբվենք և միասնական ճակատով նպաստենք, որ այս վճիռը բեկանվի, և արդարությունը վերահաստատվի:

Հղե՛ք և լսելի՛ դարձրեք Ձեր բողոքի ձայնը հանուն արդարության, հանուն Հայ դատի, հանուն մարդու իրավունքների և հանուն նրա, որ աշխարհի ոչ մի անկյունում այլևս չկրկնվի ցեղասպանություն:

ՀՀ սփյուռքի նախարար ՝

Հրանուշ Հակոբյան

 

Scroll Up