Սփյուռքի մասնագիտական ներուժը համախմբվում է  հանուն Հայաստանի

Ապրիլի 8-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց «Ակցիա առողջություն Ֆրանսիա-Հայաստան» կազմակերպության նախագահ Ավետիս Մատիկյանին:

Ներկայացնելով այցի նպատակը՝ ֆրանսահայ հայտնի սրտաբան-վիրաբույժը նշեց, որ այս տարվա հոկտեմբերին նախատեսում են Հայաստանում կազմակերպել Սրտաբանության եվրակովկասյան հերթական համաժողովը, որը, նախարարության հետ համատեղ, 2009 թվականից սկսած անցկացվում է Երևանում՝ երկու տարին մեկ անգամ: Համաժողովի նպատակն է հայտնաբերել և համախմբել աշխարհի հայ սրտաբանների ներուժը, նպաստել Հայաստանում սրտաբանության զարգացմանը, Հայաստանի, Արցախի և սփյուռքի սրտաբանների համագործակցությանը, օտարազգի հայտնի մասնագետների ներգրավմամբ` խթանել Հայաստանում մասնագիտական որակների բարձրացմանն ու նորարական փորձի փոխանակմանը:

Ըստ Ավետիս Մատիկյանի՝ այս տարի համաժողովն ունենալու է ավելի մեծ ընդգրկում՝ հասանելի դառնալով ոչ միայն սրտաբանների, այլև մանկաբույժների, նյարդաբանների, ռադիոլոգների, բժշկական սարքավորումների ինժեներ մասնագետների համար: Աշխարհահռչակ մասնագետները Հայաստան կբերեն ոլորտի նորամուծությունները, կստեղծեն կապեր, կներդնեն ծրագրեր:

Ներկայացնելով նախարարության վերակազմավորման ընթացքը՝ Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդգծեց, որ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ավելի բարձր մակարդակ կունենա՝ դառնալով համակարգող և վերահսկող մարմին 12 նախարարությունների՝ Սփյուռքի հետ ոլորտային ծրագրերի իրագործման ընթացքում, ինչպես նաև պահպանելով կապող օղակի դերը Հայաստանի և Սփյուռքի միջև: Տեր Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ հանձնակատարի գրասենյակը կշարունակի աջակցություն ցուցաբերել Սրտաբանության եվրակովկասյան համաժողովի անցկացմանը, ընթացիկ հարցերը կքննարկվեն Առողջապահության նախարարության հետ, կապեր կստեղծվեն համաժողովի կազմակերպիչների և նախարարության պատասխանատու ստորաժանումների միջև:

Սփյուռքի նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ սա ևս մեկ քայլ է Սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբման գործում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ավետիս Մատիկյանի ջանքերով 2011 թվականին Գորիսում բացված Սրտանոթային հիվանդությունների կենտրոնի գործունեությանը:

Scroll Up