ՀՀ Վարչապետի կինը Ապրիլի 7-ը նշեց Բրբենքի Ս. Ղևոնդյանց Մայր տաճարում

Հյուրաբար Լոս Անջելեսում գտնվող ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Մայրության և գեղեցկության օրը նախընտրել էր անցկացնել Բրբենքի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյանց մայր տաճարում և ստանալ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, բարձրաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի օրհնությունը։

1995 թ.-ից ազգային տոնացույցում տեղ գտած հիշատակությունը, որն ամփոփում է նաև կանաց միամսյակը, ունի աստվածաշնչյան ծագում և եկեղեցին այն տոնախմբում է որպես «Աւետումն սրբուհւոյ Աստուածածնի»։

Ինչպես Լոս Անջելեսից «Հայերն այսօր»-ին հայտնում է Հովհաննես սարկավագ Գումրույանը, օրը, բացի սուրբ գրային ու ազգային հագեցվածությունից, լի էր նաև յուրօրինակ խորհրդով։ Աննա Հակոբյանն իր խոնարհ ու համեստ կեցվածքով աղոթակից դարձավ ներկա բազմահարյուր, հայրենակարոտ հավատացյալներին, ինչպես նաև առիթ ունեցավ վայլելու առաջնորդ, Հովնան Սրբազանի ոգեշնչող ու հոգեշեն պատգամը՝ արժանանալով նաև նրա օրհնությունը։ Արարողությանը ներկա էին ՀՀ հյուպատոսության, հայ համայնքի, ՀԲԸՄ և ազգային այլ կառույցների ղեկավարներ։

Պատարագի ավարտին տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Քառօրյա պատերազմի հերոսների, Կ. Պոլսի Հայոց պատրիարք, հոգելույս Տ.Մեսրոպ արք. Մութաֆյանի, ՀԲԸՄ նախկին նախագահ Լուիզ Սիմոն Մանուկյանի հիշատակին։

Վերջում Աննա Հակոբյանը երախտագիտությունը հայտնեց առաջնորդ Հովնան սրբազանին՝  եկեղեցանվեր ու ազգային, անուրանալի ծառայության համար։

Scroll Up