«Այս մեդալը միայն իմը չէ, այն նախևառաջ Կամչատկայի հայ համայնքինն է». Արթուր Խաչատրյան

Հայերը ՌԴ Կամչատկայի երկրամաս են տեղափոխվել 20-րդ դարի 70 թվականներից: Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, 2015 թվականի մայիսի 21-ին Պետրոպավլովսկ Կամչատսկում տեղի է ունեցել Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի տարածաշրջանային բաժանմունքի հիմնադիր ժողովը, որի ընթացքում նորաստեղծ հասարակական կազմակերպության նախագահ է ընտրվել Արթուր Մանվելի Խաչատրյանը: Համայնքը, նրան կից կիրակնօրյա դպրոցը և պարային համույթը գործում են նրա անմիջական աջակցությամբ և հովանավորությամբ: Իսկ 2015 թվականի ապրիլի 24-ին ռուսական ուղղափառ եկեղեցու բակում Կամչատկայի հայ համայնքի ղեկավարի ջանքներով տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար:
Կամչատկայի երկրամասում Արթուր Խաչատրյանը կազմակերպում է հայապահպանությանն ուղղված բազմաբնույթ միջոցառումներ, աջակցում երկրամասում բնակվող հայերին:
Ծնվելով և ապրելով հայրենիքից հեռու՝ նա օժանդակում է նաև Հայաստանին ու Արցախին, պարբերաբար նյութական օգնություն է ցուցաբերում Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին:
2017 թվականին Կամչատկայի հայկական համայնքը, Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ, Գյումրիի տնակում բնակվող Հակոբյանների` հինգ անձից բաղկացած ընտանիքին նվիրել են 2 սենյականոց բնակարան ՝Գյումրու Մուշ 2/2 նորակառույց թաղամասում, 2017 թվականին Արցախի Որոտան համայնքին նվիրաբերել են ԼԱԶ մակնիշի ավտոբուս, իսկ 2018 թվականին գնել ու Կոտայքի մարզի Զառ և Լեռնանիստ գյուղերի դպրոցներին են նվիրել 10 համակարգիչ՝ համակարգչային դասարան բացելու համար:
Այս օրերին Արթուր Խաչատրյանը Հայաստանում է: Ապրիլի 5-ին նա հանդիպեց ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանին: Վերջինս Հայաստան-սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու, Հայաստանի և սփյուռքի միջև կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, ազգային, հասարակական գործունեություն ծավալելու, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար Արթուր Խաչատրյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով:
«Այս մեդալը միայն իմը չէ, այն նախևառաջ Կամչատկայի հայ համայնքինն է: Մեծ պատիվ է հայրենի պետության կողմից նման գնահատանքի արժանանալը: Սա մեզ համար նոր խթան է առավել համախմբելու մեր ջանքերն ու նոր ոգով առաջ գնալու համար»,-պարգևը ստանալուց հետո՝ ասաց Կամչատկայի հայ համայնքի ղեկավարը: