Ջեք Հաջինյանն ընտրվել է ԱՄՆ Մոնթեբելլոյի քաղաքապետ

Մոնթեբելլոյի քաղաքապետարանի խորհուրդը մարտի 27-ին քաղաքապետ է ընտրել Ջեք Հաջինյանին: «Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Ասպարեզ» օրաթերթին, հայտնում է, որ քաղաքապետի պաշտոնը մոտավորապես 7 ամիս թափուր էր մնացել, որովհետեւ նախկին քաղաքապետ Վենսա Դելգադոն հրաժարական էր տվել, որպեսզի մասնակցի նահանգային Սենատի ընտրություններին: Այդ ընթացքում Հաջինյանը դարձել էր քաղաքապետի պաշտոնակատար:

Հավելենք, որ քաղաքին տարբեր հանձնաժողովներում և բաժանմունքներում աշխատելուն զուգահեռ, Հաջինյանը եղել է նաև Կալիֆորնիայի քաղաքների միության Բնակարանային, համայնքային և տնտեսական զարգացման հանձնախմբի փոխատենապետ, ինչպես նաև Սան Գաբրիել հովիտի ու Գեյթվեյ քաղաքների կառավարության վարչական խորհուրդների անդամ:

Իբրև Մոնթեբելլո քաղաքի երկարամյա բնակիչ, Հաջինյանը գործուն մասնակցություն է ունեցել թե՛ քաղաքի տնտեսական ու քաղաքական, թե´ հայկական համայնքում գործող կազմակերպությունների աշխատանքներում: Նա եղել է Ս. Խաչ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի գանձապահը և Մոնթեբելլո-Ստեփանակերտ քույր քաղաքների մարմնի անդամ:

Scroll Up