Հիշատակի երեկո Թայլանդում՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Թայլանդի «Ալիանս Ֆրանսեզ»-ի նախաձեռնությամբ (Alliance Française) մարտի 23-ին տեղի է ունեցել հիշատակի երեկո՝ նվիրված հայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Որպես պատվավոր հյուրեր՝ միջոցառմանը ներկա են եղել նաև Թայլանդի հայկական համայնքի ներկայացուցիչները:
Ինչպես հաղոդում է «Հայերն այսօր»-ը, երեկոյի ընթացքում «Ալիանս Ֆրանսեզ»-ի երիտասարդ աշխատակիցները երգել են Ազնավուրի հայտնի ստեղծագործությունները, զուգերգերը, ներկայացրել են նրան՝ նաև որպես դերասան, բանաստեղծ, կոմպոզիտոր, խոսել մարդկային բարձր հատկանիշների մասին՝ բազմիցս շեշտելով նրա հայ լինելը և Հայրենիքի նկատմամբ ունեցած բացառիկ վերաբերմունքը: Օտար հանդիսատեսը հնարավորություն է ունեցել ծանոթանալու նաև երգչի կյանքին և գործունեությանը:
Միջոցառման ավարտին բեմ են հրավիրվել հայկական համայնքի ներկայացուցիչները, որոնք կրել են «Merci Charles Aznavour» շապիկներն ու գլխարկները: Նրանք երախտագիտության խոսք ասելով մեծ հային նվիրված միջոցառումը կազմակերպելու համար՝ «Ալիանս Ֆրանսեզ»-ի աշխատակիցներին շապիկներ ու գլխարկներ նվիրեցին՝ ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության: