Կովսականում կայացել է լիբանանահայ հայրենադարձ երգիչ Գեւորգ Հաճյանի համերգը
Համազգայինի Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ եւ Քաշաթաղի շրջվարչակազմի համագործակցությամբ Քաշաթաղի շրջանի ամենահեռավոր, սահմանամերձ Կովսական քաղաքում մարտի 22-ին կայացավ լիբանանահայ հայրենադարձ երգիչ Գեւորգ Հաճյանի համերգը՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, գրում է aparaj.am-ը:
Համերգի բացման խոսքում երգիչը անդրադարձավ Կոմիտաս Վարդապետի գործունեությանը եւ մեծ դերին հայոց երգարվեստի բնագավառում։ Նա կոչ արեց մաքրամաքուր պահել կոմիտասյան ժառանգությունը եւ աչքի լույսի պես կտակել սերունդներին։
Երգիչը նաեւ խոսեց Համազգային հայ կրթական եւ մշակութային միության առաքելության մասին եւ նշեց, որ Համազգայինը միշտ կանգնած է հայապահպանության եւ հայկական արժեքների տարածման գործի ակունքում։
Բացօթյա համերգի ներկաները հետաքրքրությամբ ունկնդրեցին Կոմիտասի երգերը։ Այնուհետեւ հնչեցին մի շարք ազգային֊հայրենասիրական երգեր։
Երգիչը նշեց, որ յոթ օր մնալու է Կովսականում եւ դպրոցականներին ու բոլոր ցանկացողներին երգեր է ուսուցանելու, այնուհետեւ սաների հետ նորից համերգ է ունենալու։
Դպրոցականները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Կոմիտասի երգերի ուսուցմանը եւ որոշեցին հաջորդ օրն իսկ սկսել ուսուցումը։