«Այժմ և ընդմիշտ» խորագրով համերգը Նյու Ջերսիում միավորել էր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի պարախմբերին

Նյու Ջերսիում մարտի 3-ին կայացել է Նյու Յորքի Սուրբ Վարդան Մայր տաճարի «Շուշի» պարախմբի «Այժմ և ընդմիշտ» խորագրով համերգը, որին մասնակցել են նաև Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Նաիրի» և Լոս Անջելեսի «Գևորգյան» պարախմբերը:

«Դժվար էր, սակայն կարողացանք հաջողել: 175 պարող մեկտեղվեցին մեկ բեմում, որի կամարների տակ հնչեց հայ երգն ու պարը: Մինչև այսօր շարունակում ենք նամակներ ստանալ, մարդիկ շնորհակալություն են հայտնում անչափ բովանդակալից ու գեղեցիկ համերգի համար»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց «Շուշի» պարախմբի պարուսույց և գեղարվեստական ղեկավար Սեդա Պասկալյան-Քանդարջյանը:

Համերգը նվիրված էր Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին. «Սա առիթ էր, որ ո´չ միայն պարախմբի անդամները, այլև համերգի մասնակիցները հնարավորություն ունենան մոտիկից ծանոթանալու մեծ երգահանի կյանքին, գործունեությանն ու հարուստ ժառանգությանը: Շուրջ 2 ժամ 10 րոպե ներկաները հնավորություն ունեցան վայելելու պարախմբերի գեղեցիկ համարները, կոմիտասյան երգերը: Ներկաների ծափերից ու ոգևորությունից հասկացանք, որ հանդիսատեսը կարոտ է նման համերգի: Երեկոյին ներկա լինելու համար մարդիկ էին եկել Կանադայից, Ֆրանսիայից, Ամերիկայի տարբեր նահանգներից»,- նշեց Սեդա Պասկալյան-Քանդարջյանը:

Համերգին մասնակցել են նաև երգչուհի Գաբի Գալոյանը, ասմունքող Նունե Ավետիսյանը, ինչպես նաև Ռուբինա Թելունցը, Անահիտ Զաքարյանը և այլք:

«Համայնքում արդեն 40 տարի է՝ գործում է հայկական ռադիոժամ: Տարիներ առաջ տեր և տիկին Վարդան և Ադի Աբդոները, թեև վարժ չէին խոսում հայերեն, սակայն ցանկացան հայկական ռադիոժամ հիմնել: Եվ արդեն 40 տարի ամեն կիրակի նրանք կամավորաբար հաղորդումներ են պատրաստում: Վերջին համերգով նաև ցանկացանք նրանց պատվել՝ որպես «Շուշի» պարախմբի լավ բարեկամներ: Թեև այդ օրը նրանք չկարողացան ներկա լինել համերգին, սակայն տարիներ շարունակ եղել են պարախմբի կողքին»,-նշեց պարախմբի պարուսույցը և հավելեց, որ Նյու Յորքում աշխատելու ժամանակ պարախմբի լավ բարեկամներից էր նաև այժմ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, որը մի քանի անգամ ներկա է եղել «Շուշի»-ի համերգներին: Իսկ օրերս կայացած համերգին ներկա էր ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան, մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, որը շատ տպավորված է եղել համերգով:

Համերգի ավարտին Մհեր Մարգարյանը ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների պատվոգրեր է հանձնել երեք պարախմբերի ղեկավարներին՝ Սեդա Պասկալյան-Քանդարջյանին («Շուշի»), Ֆելիքս, Թերեզա և Սարգիս Գրիգորյաններին («Նաիրի»), Գևորգյան ընտանիքին («Գևորգյան»):

«Այժմ և ընդմիշտ» խորագրով երեկոն եզրափակվել է «Քոչարի», «Բերդ» պարերով, որոնք միասնաբար կատարել են երեք պարախմբերը:

Նյու Յորքի Սուրբ Վարդան Մայր տաճարի «Շուշի» պարախումբը գործում է 27 տարի: Խումբն ունի 120 անդամ, որոնք ո´չ միայն հայկական պարեր են սովորում, այլև երգեր, և ինչն ամենակարևորն է՝ պարախմբի անդամներն իրենց առօրյայի մի մասը անցկացնում են հայկական միջավայրում և մթնոլորտում:

Իր գործունեության ընթացքում պարախումբը բազմաթիվ համերգներ է ունեցել ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այնպես էլ Հայաստանում (2 անգամ Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բեմում) և Արցախում, Կանադայում, Սիրիայում, Լիբանանում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգում, և այլ երկրներում:

«Բոլորս կամավոր ենք աշխատում: Կցանկանամ հիշատակել նաև ինձ հետ աշխատող Սոսի Սեդրակյանին և Թալին Քյուփելյանին: Պարախումբն անցնող տարիների ընթացքում դժվարություններ ունեցել է, սակայն միասնաբար կարողացել ենք հաղթահարել: Մեծ է նաև համայնքի աջակցությունը: Նյու Յորքում պայմանները մի քիչ այլ են, օրինակ՝ չես կարող համեմատել Լոս Անջելեսի հայկական համայնքի հետ, որտեղ ավելի հեշտ է պահպանել հայկական ինքնությունը, հայ մնալ: Շատ ուրախ ենք, որ պարախումբն իր գործունեությամբ կարողանում է օգտակար լինել համայնքին, հայապահպանությանը,-նշում է Սեդա Պասկալյան-Քանդարջյանը և հավելում,- Այս ամենը մենք կատարում ենք մեծ սիրով, առանց հոգնության, աշխատանքից հետո: Այն ժամանակը, որը մենք կարող ենք տրամադրել մեր ընտանիքին, հանգստին, պարախմբի փորձերին ենք հատկացնում: Հայկական երաժշտությունը չի թողնում, որ հանգիստ մնաս: Շատ հարուստ և գեղեցիկ երաժշտություն ունենք, որը մեզ անդադար ստիպում է աշխատել»:

«Շուշի» պարախմբի հիմնումը շատ պատահական է ստացվել. «Տարիներ առաջ, երբ տղաս իր դասընկերների հետ միջոցառման էր պատրաստվում, տղայիս ընկերներն ասացին, արդյոք կարո՞ղ եմ իրենց 4 աղջիկներին հայկական պար սովորեցնել: Այդպես, 4-ը դարձավ 20, 120 ու «Շուշի» պարախումբ, ուր հաճախում են 5-35 տարեկան փոքրիկներ, պատանիներ ու երիտասարդներ: Շատերը մեծ դժվարությամբ են թողնում բեմը, որը մի աշխարհ է, որը ոչնչի հետ հնարավոր չէ համեմատել: Բեմ բարձրանալու հաճույքն անգերազանցելի է, այնպես, ինչպես հայկական երաժշտության աշխարհը: Ծնվել եմ մի ընտանիքում, որտեղ միշտ հնչել է հայկական երաժշտություն: Եղբայրս՝ Սարգիս Պասկալյանը, 2 անգամ Հայաստան է այցելել և Սրբուհի Լիսիցյանի մոտ վարպետության դասեր առել, աշխատել: Հետո վերադարձել է Լիբանան և երկար տարիներ ղեկավարել ՀԲԸՄ-ի պարախումբը: Միշտ հետևում էի, թե նա ինչպես է աշխատում: Դժբախտաբար, պարավեստի դպրոց երբեք չեմ հաճախել: Այն ինչ գիտեմ հիմա, կարողացել եմ սովորել եղբորս հետևելով,- նշում է Սեդա Պասկալյան-Քանդարջյանը և ավելացնում,- Հայկական պար, երգ սովորելը հայապահպանության ամենամեծ հանգրվաններից մեկն է Սփյուռքում: Հատկապես երիտասարդների համար, որոնք իրենց ազատ ժամերին կարող են ժամանցի կենտրոններ հաճախել, սակայն գիտակցաբար ընտրում են իրենց արմատներին հաղորդակից լինելը, «Շուշի»-ի հետ լինելը»:

Լուսինե Աբրահամյան

Scroll Up