Բուլղարիայում տեղի է ունեցել Եվրոպայի Հայոց թեմերի առաջնորդների, հայրապետական պատվիրակների ու առաջնորդական տեղապահների համախմբում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Ռումանիայի Հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայում  Հայոց թեմում կաթողիկոսական լիազոր ներկայացուցիչ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հրավերով ս.թ. մարտի 7-10-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի հայոց թեմերի առաջնորդների, հայրապետական պատվիրակների ու առաջնորդական տեղապահների քառօրյա համախմբում:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվանից, համախմբմանը մասնակցում էին Տ. Տաթև եպս. Հակոբյանը (Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ, Բուլղարիայի Հայոց Թեմում կաթողիկոսական լիազոր ներկայացուցիչ), Տ. Խաժակ արք. Պարսամյանը (Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ), Տ. Վահան եպս. Հովհաննիսյանը (Ֆրանսիայի Հայոց Թեմի առաջնորդ), Տ. Մարկոս եպս. Հովհաննիսյանը (Ուկրաինայի Հայոց Թեմի առաջնորդ), Տ. Սերովբե վրդ. Իսախանյանը (Գերմանիայի Հայոց Թեմի առաջնորդ), Տ. Գուսան վրդ. Ալճանյանը (Շվեյցարիայի Հայոց Թեմի առաջնորդական տեղապահ), Տ. Տիրան վրդ. Պետրոսյանը (Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակ), Տ. Խորեն վրդ. Առաքելյանը (Հունաստանի Հայոց Թեմի առաջնորդական տեղապահ), Ռուսեի հոգևոր հովիվ արժ. Տ. Տիրայր քահանան Հադավյանը, Պլովդիվի հոգևոր հովիվ արժ. Տ. Հրաչ քահանա Մուրադյանը, Բուրգասի հոգևոր հովիվ արժ. Տ. Պողոս քահանա Միքայելյանը:

Մարտի 8-ին համախմբման մասնակիցները հանդիպումներ ունեցան Բուլղարիայի Ուղղափառ եկեղեցու Պատրիարք և Սոֆիայի Մետրոպոլիտ Նորին Սրբություն Նեոֆիտի և պետական բարձրագույն իշխանությունների հետ: Հանդիպումների ընթացքում խոսվեցին երկու ժողովուրդների` հայերի և բուլղարների բարեկամական հարաբերությունների, ընդհանուր քրիստոնեական արժեքների ու համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին:

Նույն օրը համախմբման մասնակիցները հանդիպեցին Բուլղարիայում ՀՀ դեսպան տիար Արմեն Սարգսյանի հետ, քննարկվեցին Եվրոպայում Հայ Եկեղեցու թեմերի և ՀՀ դեսպանությունների, հյուպատոսությունների միջև սերտ համագործակցություն հաստատելու անհրաժեշտությունը, բուլղարահայ համայնքին և հայապահպանությանը վերաբերող հարցեր:

Համախմբման ընթացքում քննարկման նյութ դարձան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Եվրոպայի հայոց թեմերի և եվրոպահայ համայնքների առաջ ծառացած մարտահրավերները, համայնքային կյանքի տարբեր ոլորտներին առնչվող, ազգային-եկեղեցական համընդհանուր կարևորության հարցեր: Օրակարգի կարևոր ու առանցքային հարցերից էին`

Ա. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Եվրոպայի հայոց թեմերի միջև հարաբերությունների խորացում, համատեղ ծրագրերի իրականացում և համագործակցության ընդլայնում:

Բ. Երիտասարդության ակտիվ մասնակցությունը համայնքային կյանքից ներս տեղի ունեցող իրադարձություններին, ՀԵՀԵՄ կառույցների ստեղծում բոլոր թեմերից ներս:

Գ. Քրիստոնեական դաստիարակություն, մշտամնա աշխատանք հայ մարդուն քրիստոնեական ու բարոյական արժեքներով կրթելու, քրիստոնեական ընտանիքի և բարձրագույն արժեքների հանդեպ գիտակցության մակարդակի բարձրացման, քրիստոնեական եկեղեցու ավանդություններին ու խորհուրդներին ծանոթացնելու համար:

Դ. Եվրոպայում հայկական ամառային հոգևոր ապրումների և դաստիարակության կենտրոնի ստեղծում հոգևորականների և աշխարհականների համար, որի նպատակը պետք է լինի սեմինար-քննարկումներ անցկացել, նպաստել հայ հավատավոր զավակների հոգևոր գիտակցության բարձրացմանը, միասնական և համատեղ աղոթքի կանգնելու հնարավորություններ ստեղծել:

Ե. Եկեղեցական նոր համայնքների ստեղծում, հայաշատ քաղաքներում նոր ծուխերի ձևավորում և համայնքային, եկեղեցական կյանքի աշխուժացում:

Զ. Սոցիալական ծրագրերի իրականացման միջոցով օգնության տրամադրում Հայաստանի և Արցախի անապահով ընտանիքներին, աջակցություն Հայրենիքի սոցիալ-տնտեսական հզորացմանը:

Է. Եվրոպայի հայոց թեմերի ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը համազգային նշանակության բոլոր խնդիրների կարգավորման գործընթացներին` Հայաստանի և Արցախի հզորացում ու բարգավաճում, Սփյուռքի հարատևության և ազգային ինքնության, դիմագծի պահպանում, Հայոց Ցեղասպանության ճանաչում և դատապարտում, Արցախի հակամարտության խաղաղ կարգավորում և միջազգային ճանաչում և այլն:

Ընդունվեցին մի շարք կարևոր որոշումներ, որոնցից հատկանշական են`

Ա. Տարին մեկ անգամ հոգևոր, կրթա-դաստիարակչական ուղեցույցներ պատրաստել Եվրոպայի հայոց թեմերի համար, թարգմանել եվրոպական տարբեր լեզուներով և ուղարկել բոլոր ծուխերին որպես ուղեցույց քահանայից համար` առաջին ուղեցույցի թեմա ընտրելով Հավատո Հանգանակի ուսուցանումը:

Բ. Տարին մեկ անգամ համախմբել Եվրոպայի հայոց թեմերում ծառայող սարկավագներին, կիսասարկավագներին և դպիրներին, ուղեցույց պատրաստել նրանց համար և նպաստել կրոնական գիտելիքների խորացմանը:

Գ. Տարին մեկ անգամ համախմբել Եվրոպայի հայոց թեմերում ծառայող քահանայից դասին, կազմակերպել վերապատրաստման դասընթացներ` առավել խորապես ծանոթացնելով նրանց Եվրոպայի համայնքային կյանքի կառուցվածքային և վարչա-կազմակերպչական առանձնահատկություններին:

Դ. Տարին մեկ անգամ երիտասարդական հավաք կազմակերպել Եվրոպայում, ներգրավել վերջիններիս համայնքային կյանքի տարբեր ոլորտներում և եկեղեցական տարատեսակ կառույցների մեջ:

Scroll Up