Ուկրաինայի հայերի միության միջոցներով Այրում համայնքում խաչքար է տեղադրվել

Ի Հայրապետության Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Չուլջյանի, մարտի 2-ին Այրում համայնքում 1988 թ. Ադրբեջանում զոհված հայերի հիշատակին բացվեց և օրհնվեց խաչքար։ Խաչքարը տեղադրվել է Ուկրաինայի հայերի միության նյութական միջոցներով։ Խաչքարի բացման արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը, Հայաստանում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Սահակ Գուդրատյանը, Ախթալայի խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, Հայաստանում Ուկրաինայի համայնքի ներկայացուցիչներ, Այրում համայնքի բնակիչներ։
Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, մինչ խաչքարի օրհնության կարգը Այրում համայնքի երիտասարդները, Սիրանուշ Գալստյանի ղեկավարությամբ, փոքրիկ ներկայացում էին պատրաստել ներկաների համար։ Խաչքարի օրհնության կարգը կատարեցին Ախթալայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը և Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը։
Օրհնության կարգի ավարտին քահանա հայրերը կատարեցին նաև հոգեհանգստյան կարգ՝ 1988 թ. Ադրբեջանում զոհված հայերի համար։ Այրում համայնքի բնակիչների զգալի մասը սույն գյուղում հաստատվել են 1988 թ. ջարդերից հետո, և այս խաչքարը առաջինն ու միակն է, որ տեղադրվել է Այրում համայնքում՝ Ադրբեջանում զոհված հայերի հիշատակին։
Խաչքարի քանդակագործը Արտակ Համբարձումյան է, իսկ խաչքարի տեղադրումը նախաձեռնել է Ախթալայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանը։ Հավելենք, որ Ուկրաինայի հայերի միության միջոցներով սա առաջին խաչքարն է, որ տեղադրվել է Ուկրաինայի սահմաններից դուրս։
Հիշատակ արդարոց օրհնությամբ եղիցի։
ԱՄԵՆ