Կարևորվել է Հայաստանի և Սիրիայի միջխորհրդարանական համագործակցության աշխուժացումը

Փետրվարի 14-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը հանդիպեց Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Համմուդա Սաբբաղի (Hammouda Sabbagh) հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ՍԱՀ ԺԺ Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները։
ՍԱՀ խորհրդարանի նախագահը շնորհավորեց Տիգրան Գևորգյանին` Սիրիայում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր կարևոր և պատասխանատու առաքելության մեջ։
Երկուստեք կարևորվեց Հայաստանի և Սիրիայի միջխորհրդարանական համագործակցության աշխուժացումը, հատկապես` բարեկամության խմբերի փոխայցելությունների խթանումը։ Զրուցակիցներն ընդգծեցին, որ խորհրդարանական դիվանագիտությունը կամուրջ է հանդիսանում երկկողմ հարաբերությունների համար։