Շվեյցարիայում հոգևոր և կրթամշակութային կենտրոն է բացվել

Շվեյցարիայի Նոշատել քաղաքում փետրվարի 10-ին հայ ակտիվ երիտասարդների նախաձեռնությամբ բացվել է հոգևոր և կրթամշակութային կենտրոն: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Շվեյցարիայի Հայոց Թեմի Առաջնորդական տեղապահ Տեր Գուսան վարդապետ Ալճանյանը, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Ինչպես «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց կենտրոնի հիմնադիրներից Տաթև Բաբայան-Բեդիկյանը, կենտրոնի նպատակը հոգևոր արժեքների, հայոց լեզվի և գրականության, հայ ժողովրդի պատմության, հայ ավանդական պարերի, երգ-երաժշտության ուսուցման, պահպանման ու տարածման միջոցով տեղի հայ զավակներին հայեցի կրթություն և դաստիարակություն տալն է, հայապահպանությունը, ինչպես նաև Շվեյցարիայի հայկական համայնքի տարածաշրջանի անդամներին համախմբելը:

«Այսպիսի կենտրոն ստեղծելու միտքն ունեցել ենք մի քանի տարի առաջ: Հայ մնալը յուրաքանչյուրի պարտքն է, իսկ օտար երկրում այն իսկական հերոսություն և առանձին հոգատարություն է պահանջում: Կենտրոնը միանշանակ գործելու է նոր մոտեցումներով ու ծրագրերով: Հայրենիքից հեռու ստեղծել ենք մեր փոքրիկ Հայաստանը»,-ասաց Տաթև Բաբայան-Բեդիկյանը՝ հավելելով, որ նախատեսվում է նաև ամսվա մեջ մեկ-երկու անգամ Սբ. Պատարագի մատուցում՝ կենտրոնի սրահին կից գտնվող վարձակալած եկեղեցում:

Scroll Up