Սերժ Թանկյանն ու նրա կինն աջակցել են հայաստանյան անապահով ընտանիքներին

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ տիկնոջ Անժելա Թանկյանի հետ օգնել է Հայաստանի տարբեր բնակավայրերի ավելի քան 200 անապահով ընտանիքների: Ներկայացնում ենք տրամադրված հաղորդագրությունն ամբողջությամբ.
«Արդեն որերորդ տարին է` Սերժ և Անժելա Թանկյանները «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության գլխավորությամբ և «Դասավանդի́ր, Հայաստան» հիմնադրամի, «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Բարի մամա» ՀԿ-ների հետ համատեղ իրականացնում են բարեգործական ծրագրեր` ուղղված Հայաստանում աղքատության հաղթահարմանը:
Հերթական բարեգործությունն իրականացվեց 2018-2019 թթ. ձմռանը, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի մարզերի և Երևանի` ավելի քան 200 անապահով ընտանիքներ ներառվեցին սննդամթերքով ապահովման եռամսյա ծրագրում:
Թանկյան ընտանիքը տարիներ շարունակ եղել է այն հայ ընտանիքների կողքին, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են դժվար իրավիճակում, անգնահատելի և երախտագիտության արժանի աջակցություն ցուցաբերելով նրանց»: