Մեծարանքի երեկո նվիրված իրանահայ ազգային-հասարակական գործիչ Լևոն Ահարոնյանին

Թեհրանի «Արարատ» կազմակերպության «Կոմիտաս» սրահը հունվարի 31-ին բազմամարդ էր. համախմբված էին ո´չ միայն իրանահայ համայնքի, այլ նաև Իրանի պետական շրջանակների ներկայացուցիչները՝ մասնակից դառնալու իրանահայ ազգային-հասարակական գործիչ, բարերար Լևոն Ահարոնյանի մեծարման հանդիսությանը:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Ալիք» օրաթերթին, հայտնում է, որ «Ալիք» հաստատության կողմից կյանքի կոչված հանձնախմբի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիսությանը, որն ի դեպ հագեցած էր նաև գեղարվեստական հայտագրով, համայնքի ազգային-հասարակական և պետական շրջանակների ներկայացուցիչներն իրենց ելույթների ընթացքում վեր հանեցին Լևոն Ահարոնյանի հարուստ և բեղուն կենսագրությունից այնպիսի տվյալներ, որոնց միջոցով ներկայացվում էր Թեհրանի հայկական համայնքի 40 տարիների պատմական անցյալը, որի հիմքում Իրանի տնտեսական վերելքին և Իրան-Հայաստան հարաբերություններին առնչվող թեմաներն էին:

Հոբելյարի 50-ամյա բազմաբեղուն կենսագրությունը ներկայացնող տեսաֆիլմի ցուցադրությունից հետո հրավիրվեց իր խոսքը փոխանցելու Լևոն Ահարոնյանը, որը վեր հանեց իր ժամանակի ատենապետությամբ Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհրդի շրջանից այնպիսի դրվագներ, որոնք իրենց ուրույն տեղն են զբաղեցնում համայնքի պատմական կյանքում:

Միջոցառման հաղորդավար Արտույտ Զոհրաբյանի միջոցով հրավիրվեցին հոբելյարին իրենց խոսքը փոխանցելու նրա հետ գործակցած, Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհրդի ժամանակի ատենապետ Աիդա Հովհաննիսյանը, Իսլամական խորհրդարանի Թեհրանի և Հյուսիսային իրանահայության տվյալ ժամանակի պատգամավոր Վարդան Վարդանյանը, Իրանի մշակույթի և առաջնորդության նախարարության կրոնական փոքրամասնությունների հիմնարկի պատասխանատու Սայիդ Թաղավին, Իրանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարյանը, «Ալիք» հաստատության ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսյանը: Եզրափակիչ խոսքը փոխանցեց Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը:

Գեղարվեստական հայտագրում ելույթով հանդես եկավ Արցախից հրավիրված «Գանձասար» խումբը, դաշնամուրային կատարումներ ներկայացրեց Արփինե Իսրայելյանը, իսկ երգչախմբային կատարումով «Հայ կին» միությանը կից գործող «Անահիտ» միության «Զվարթնոց» երգչախումբը՝ Էդիկ Թամրազյանի ղեկավարությամբ:

Ավարտին հոբելյարին հանձնվեցին հուշանվերներ` «Ալիք» հաստատության, Թեմական խորհրդի, Իրանի մշակույթի և առաջնորդության նախարարության, Իրան-Հայաստան Առևտրի պալատի կողմից: Ներկաներին տրամադրվեց նաև «Ալիք» հաստատության միջոցով պատրաստված ալբոմ-գրքույկը, որը ներկայացնում էր 90-ամյա հոբելյարի ազգային-հասարակական և բարեսիրական գործունեությունը:

Scroll Up