Իրանահայ աշակերտուհիների հաջողությունները ռոբոտաշինության պատանեկան մրցաշարում

Հունվարի 9-ին Թեհրանի Հայոց թեմի Առաջնորդարանի դահլիճում գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի ձեռամբ գնահատագրեր և նվերներ ստացան «Մարի Մանուկյան» դպրոցի ռոբոտաշինության խմբի աշակերտուհիներ Սելիա Մարտիրոսյանը, Սերլին Էլիասզադեն, Թրեյսի Շամիրյանը, Էրինա Աբրահամյանը, որոնք մասնակցելով Իրանի Ռոբոտաշինության պատանեկան մրցաշարին (վերջինս կայանում է ամեն տարի Թեհրանի և Իրանի տարբեր քաղաքների միջև)՝ 2 անվանակարգերում գրավել են առաջին մրցանակային տեղերը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Թեհրանի Հայոց թեմի Կրթական խորհրդից, Իրանի աշակերտուհիները գնահատագիր են ստացել նաև լավագույն խմբային աշխատանքի համար:

Ռոբոտաշինության ասիական մրցույթը (Light Weight Super Team) տեղի է ունեցել նոյեմբեր ամսին՝ Քիշ կզղում: Իրանից 32 խմբերի և Ռուսաստանի 15 խմբերի միջև կայացած մրցույթի խմբային բաժնում իրանահայ աշակերտուհիները գրավել են առաջին պատվավոր տեղը:

Գնահատագրերի բաշխմանը ներկա էին Թեհրանի Հայոց թեմի առաջնորդի օգնական գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքյանը, Կրթական խորհրդի ատենապետ Անետ Բաղդասարյանը, նույն խորհրդի անդամ Սաքո Ազիզյանը, ՀԲԸՄ վարչության անդամները, դպրոցի տեսչուհի տիկին Սալիմին, փոխտեսչուհի Արսինե Մկրտչյանը, ռոբատաշինության ուսուցիչներ Դաեմին և տիկին Մահ Հասանին, աշակերտուհիների ծնողները:

Սրբազան Հայրն իր շնորհավորանքի և օրհնանքի խոսքը հղելով աշակերտուհիներին՝ հույս հայտնեց, որ այս ձեռքբերումը մեկնակետն է նոր աշխատանքների և նոր հաջողությունների: Նա այս առիթով որպես հուշանվեր աշակերտուհիներին նվիրեց Հովհաննես Ավ. քհն. Հաճյանի «Հայոց պատմություն» գրքի 2 հատորներն իր ստորագրությամբ՝ մաղթելով նրանց նորանոր նվաճումներ տարբեր ասպարեզներում:

Scroll Up