Ամանորյա տոնական միջոցառում Տյումենում
Տարեմուտի հեքիաթը
Ձմեռ պապն արդեն ճանապարհին է։ Ոլոր-մոլոր ճամփաներով նա գալիս է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են տարեմուտի հրաշքին։ Թվում է` տիեզերքի յուրաքանչյուր անկյունում Ամանոր է: Այդ անկյուններից էին նաև Տյումենի հայկական մշակույթի կենտրոնները (2 մասնաճյուղ), ուր Ամանորը հյուր էր եկել իր ողջ հմայքով:
Անսովոր իրարանցում, եռուզեռ, հուզում… Ելույթ ունեցող տյումենաբնակ հայ մանուկները հավատում են, որ Ամանորի գիշերը իրական դարձած հեքիաթ է, և տոնական միջոցառումը նվիրեցին ջերմ ու պայծառ այս տոնին։
Տյումենի Մ. Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնի տնօրեն Ռ. Դանիելյանի ողջույնի և շնորհավորանքի խոսքերից հետո ելույթ ունեցան կենտրոնում գործող «Նաիրի» և «Հայաստան» պարի խմբերը: Ավագ դասարանի աշակերտները՝ գույնզգույն հանդերձներով, հանդես եկան ասմունքով ու բարեմաղթանքներով։ Իսկ կրտսեր խմբի սաներն իրենց հեքիաթային կերպարներով, երգ ու պարով նոր շունչ հաղորդեցին ամանորյա տոնակատարությանը:
Թատերական խումբը ներկայացրեց «Մկների ժողովը» բեմականացումը։ Ներկայացման ընթացքում փոքրիկ դերասանները ո´չ միայն հարազատ էին մնացել հանրահայտ հեքիաթի ոգուն, այլև ստեղծագործում էին`օգտագործելով իրենց առօրյա բառապաշարը:
Եվ, վերջապես, եկավ ամենասպասված պահը. նվերներով հանդերձ ներս մտան Ձմեռ պապն ու Ձյունանուշը և շուրջպար բռնեցին երեխաների հետ։ Ձմեռ պապի ներկայությունն էլ ավելի ոգևորեց փոքրիկներին, տիրեց աշխույժ մթնոլորտ։
Կենտրոնի առաքելությանը հավատարիմ մնալու համար ակնկալվում էր, թե պիտի հայապահպանության ոգու շեշտադրում արվեր։ Իհարկե, հայկական ոգու շունչն ապահովված էր։ Մինչդեռ, ազգային տարբերությունների սահմանները կկոտրվեն այն ժամանակ, երբ մարդկությունը տեսնի աշխարհի բոլոր մանուկներին` Ձմեռ պապի հետ շուրջպար բռնած։ Ամանորը մի ժպիտ է պարգևել բոլոր մանուկներին, և այն կոչվում է բարություն։…
Վերջում Սերգո Ստեփանյանի, ծնողների կողմից երախտիքի խոսքեր հղվեցին միջոցառման կազմակերպիչներին՝ դասավանդող ուսուցիչներին` մեծ սեր ու եռանդ ներդնելու, հայ մանուկների ամանորյա հեքիաթը իրական դարձնելու համար:
Առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին Աբրահամ Հովեյանին («Տյումենի մարզի հայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ) և Սերգո Ստեփանյանին (ՌԴ Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի տնտեսական հարցերի գծով խորհրդատու)՝ ընդգծելով, որ ամեն ինչ արվել է տոնական մթնոլորտ ապահովելու և անմոռանալի ժամանց կազմակերպելու համար:
Միջոցառումն ավարտվել էր… Բոլորին միավորում էր արդեն սիրելի դարձած երգի գեղեցիկ մեղեդին, որ դեռ հնչում էր մեծերի և փոքրերի շուրթերից:
-Զանգակներ, զանգակներ, բարի զանգակներ,
Միշտ հնչի, ղողանջի, բարին ավետի….
Ալվան Պողոսյան
Տյումենի Մ. Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնի ուսուցչուհի