Հայերենի իմացությունը կարևորագույն պայմանն է հայ լինելու. Ռոբեր Տեր Մերկերյան

Կրթության ասպարեզում մեծ ծառայություններ մատուցելու, հայոց լեզուն ֆրանսիական միջավայրում զարգացնելու համար բանասեր, լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբեր Տեր Մերկերյանը վերջերս Ֆրանսիայի կրթության նախարարության կողմից ստացել է «Ակադեմիական դափնիներ» պատվավոր տիտղոսը և շքանշանը:
Այս առիթով ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը Ռոբեր Տեր Մերկերյանի հետ:
– Օրերս լրացավ 80 ամյակս: Երկար տարիների պատմություն, որի ընթացքում ունեցել եմ թե´ ուրախության, թե´ տխրության պահեր, զանազան հանդիպումներ, որոնցից շատերն անցել-գնացել են, որոշներն էլ դարձել են մնայուն:
Իմ կյանքում եղել է նաև մի արտակարգ հանդիպում, որն ուղի հարթեց ինձ համար: Երբ Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո ուսանում էի Ֆրանսիայի Պրովանս համալսարանում, արձանագրված որպես ռուսաց լեզվի ուսանող, հանդիպեցի անվանի լեզվաբան Պոլ Գարդին: Հենց նա էլ ճանապարհ ուղենշեց ինձ համար դեպի համալսարանական միջավայր (ղեկավարեց իմ դոկտորական աշխատանքը, 5 տարի անց հանձնաժողովի անդամ էր, երբ երկրորդ գիտական աշխատանքս էի պաշտպանում): Նրա խորհրդով սկսեցի մի քանի ժամ հայերեն դասեր տալ համալսարանում: Քանի որ ուսանողները հետաքրքրված էին առարկայով, դասընթացներն ավելի ընդգրկուն դարձան, ժամերը շատացան:
Ֆրանսիական համալսարանում, իրականում, նոր առարկա դասավանդելը շատ դժվար է, որովհետև պետք է ցույց տալ, թե ինչ արժեք ունի այդ լեզուն, քաղաքակրթությունը, պատմությունը, որքանով այն կհետաքրքրի ուսանողներին:
Ես կարողացա իմ առարկան ո´չ միայն ընդունելի դարձնել, այլև տարիներ անց ինձ հաջողվեց Պրովանս համալսարանում Հայոց լեզվի ամբիոն բացել, առաջին ամբիոնն ամբողջ Ֆրանսիայում, համալսարանական միջավայրում:
Տարիների ընթացքում ստացա պրոֆեսորի կոչում, ղեկավարեցի գիտահետազոտական աշխատանքներ: Այդպես, մոտ 40 տարի դասավանդեցի արևելահայերեն ֆրանսիական համալսարանում:
Մինչ Պրովանս համալսարանում դասավանդելը, հայերենը Ֆրանսիայում ո´չ մի կարգավիճակ չուներ, անգամ որպես փոքրամասնության լեզու ընդունված չէր: Երբ սկսեցի համալսարանում աշխատել, Ֆրանսիայի կրթության նախարարությունն ընդունեց, որ հայերենը կարելի է նաև համարել որպես բակալորիայի (վերջինս Ֆրանսիայի ավարտական՝ երկրորդական դպրոցն է) քննության առարկա: Հիշում եմ, 1971-72 թվականներին անգամ ֆրանսահայ մամուլը գրեց, որ առաջին անգամ թեկնածուներ կան, որոնք ներկայացնում են հայերենը որպես բակալորիայի կենդանի լեզու: Առաջին տարում նրանց թիվն ընդամենը երկուսն էր, որը տարիների ընթացքում դարձավ 12, 22, 52 և այսպես շարունակ: Առ այսօր այն աշակերտները, որոնք ավարտում են միջնակարգ դպրոցը՝ կարող են հայերենը ներկայացնել որպես առաջին օտար լեզու: Սա մեծ հաջողություն էր հայոց լեզուն տարածելու և ընդունելու որպես կենդանի լեզու՝ Ֆրանսիայում գործածվող լեզուների մեջ:
Հայերենի դասընթացը տևում է 3 տարի, շաբաթական 3 դասաժամ: Աշխատանքս հետաքրքիր էր, մեծ եռանդով էի աշխատում և փորձում էի առավելագույնս ներկայացնել հայերենի արժեքները, նրա պատմությունը, քաղաքակրթությունը:
Դասավանդման 40 տարիների ընթացքում ուսանողներ եմ ունեցել աշխարհի տարբեր երկրներից: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, երբ ամենուր խոսվում էր Հայաստանի մասին, ավելի մեծ հետաքրքություն առաջացավ հայերենի նկատմամբ:
Ուսանողների մեծամասնությունը ծագումով հայեր էին, թեև այս բառն ինձ մի քիչ խրտնեցնում է: Ի՞նչ է նշանակում ծագումով հայ: Այն, որ քո հայրերը, պապերը հայ են եղել և դու ժառանգել ես նրանց ազգանունը: Ազգանունը նշում է քո պատկանելիությունը, բայց դա բավական չէ ազգային պատկանելիության զգացում ունենալու համար: Վերջինիս համար պետք է արժեքները իմանալ՝ լեզվական, պատմական, մշակութային: Եթե ո´չ, ապա այն ազգային պատկանելիություն չի կարելի համարել: Ապրել ազգային կյանքով, մասնակցել Սփյուռքում տեղի ունեցող ազգային իրադարձություններին. ծագումով հայերը չունեն այդ ամենը:
Արդեն 10 տարի է՝ թոշակի եմ անցել: Համալսարանում իմ աշխատանքը շարունակում է հայ միջնադարյան ճարտարապետության հայտնի մասնագետ Պատրիկ Տոնապետյանը, որը բազմաթիվ գրքերի հեղինակ է, որոնք վերաբերում են մեր միջնադարյան կոթողներին: Նա եղել է նաև իմ առաջին ուսանողներից մեկը, ե´ս եմ նրան հայոց այբուբենը սովորեցրել հեռավոր՝ 1972 թվականին:
– Պարո´ն Մերկերյան, մանկավարժական գործունեությանը զուգահեռ Դուք զբաղվել եք նաև արդի գրական հայերենի երկու տարբերակների բառակազմական խնդիրների, բառակերտման գործընթացի ուսումնասիրությամբ:
– Քանի որ տիրապետում եմ և´ արևելահայերենին, և´ արևմտահայերենին, ինձ համար հեշտ էր համեմատել արդի հայերենի զարգացման միտումները՝ երկու լեզվաճյուղերի միջև: Այդ առիթով գրել եմ մոտ 30 հոդված, որտեղ ուսումնասիրել եմ արևելահայերենի օգտագործումը արևմտահայ միջավայրում և հակառակը:
Տարիների ուսումնասիրության ընթացքում այն մտքին եմ հանգել, որ արևելահայերենն ուժեղ ազդեցություն ունի արևմտահայերենի վրա, անգա´մ Սփյուռքում: Նկատել եմ, որ արևմտահայերենին տիրապետող մարդիկ երբ գալիս են Հայաստան, զարմանալիորեն շատ արագ սկսում են արևելահայերեն խոսել: Երբ, օրինակ, արևելահայ լեզվի կրողն է գալիս Ֆրանսիա, շարունակում է խոսել արևելահայերեն, այլ ո´չ թե արևմտահայերեն:
Մի քանի տարի առաջ Երևանում կազմակերպված Ջահուկյանական ընթերցումների ընթացքում հանդես եկա մի զեկույցով, որտեղ փաստերով ներկայացրի, թե ինչպես է արևելահայերենը մտնում արմտահայերենի օգտագործման ոլորտ: Երբ ասում եմ արևմտահայերենի օգտագործման ոլորտ, հասկացե´ք, որ դրանք շատ սահմանափակ ոլորտներ են, որովհետև բոլոր մշակութային միությունների, կազմակերպությունների ժողովները կատարվում են ֆրանսերեն: Արևմտահայ փոքրամասնության ղեկավարներից շատերն այսօր, դժբախտաբար, չեն տիրապետում արևմտահայերենին, ինչը դժվարեցնում է հայերեն ժողովներ անցկացնելը: Վերջերս, օրինակ, Մարսելի Մայր տաճարում եկեղեցու տարեկան ժողովն էր: Բոլորը խոսեցին ֆրանսերեն, բացի Տեր Արամից, որը եկեղեցու հոգևոր հովիվն է:
1991-92 թվականներին հիմնադրեցի Արևմտահայ աշխարհաբարի եզրաբանական խորհուրդը, որն իր գործունեությունը շարունակեց մոտ 10 տարի: Վերջինիս հիմնականում զբաղվում էր ուղեցույցներ հրատարակելով: Հրատարակեցինք 4 ուղեցույց, որոնցից յուրաքանչյուրը պարունակում էր տարբեր ոլորտներին պատկանող բառապաշար: Ուղեցույցները բավականին հաջողություն ունեցան:
– Հայերենին նվիրված ուսումնասիրություններին զուգահեռ Դուք նաև ինքնությանը վերաբերող աշխատություն եք հրատարակել:
– Երկու տարի առաջ հրատարակեցի «Հայոց ինքնության 12 սյուները» ֆրանսերեն աշխատությունը: Երկար մտածելուց, որոնումներից հետո եկա այն եզրահանգման, որ մեր պատմության ընթացքում տեղի ունեցած միայն 12 կարևոր իրադարձություններ, մարդիկ են, որոնք կազմում են հայոց ինքնության հենասյուները:
Գիրքը մեծ հաջողություն ունեցավ: Իրականում, երբ հայ գրականությանը, պատմությանը վերաբերող գրքեր են հրատարակվում, շատ քիչ են վաճառվում: Նախ հայ համայնքն այնքան էլ ընթերցող չի, մյուս կողմից ֆրանսիացիներին այնքան էլ չեն հետաքրքրում այդ հարցերը: 1000-ից ավելի գիրք վաճառվեց, հրատարակիչն անգամ կատակով ասաց, թե՝ քո գրքի շնորհիվ միայն սկսեցի դրամ շահել:
Կարծում եմ, որ աշխատությունում ներառված յուրաքանչյուր սյուն համապատասխանում է համայն հայության արժեքներին, որտեղ էլ նա գտնվի: Հայկ Նահապետ, Տիգրան Մեծ, Ավարայրի ճակատամարտ, լեզու՝ որպես հայ ինքնության խորհրդանիշ, կրոն, Հայոց ցեղասպանություն, Սայաթ-Նովա, Կոմիտաս, Սարդարապատի ճակատամարտ և Առաջին Հանրապետության հիմնադրում և այլ կարևոր դեպքեր ու դեմքեր:
Շատ օգտակար գիրք է հատկապե´ս ֆրանսահայ երիտասարդի համար, որպեսզի իմանա՝ ինչի վրա է հիմնված հայոց ինքնության սյունը, ինչ է նշանակում հայ լինել: Հատկապես, որ այդ հարցը հաճախ են տալիս Ֆրանսիայում՝ ի՞նչ է նշանակում հայ լինելը, ո՞վ է հայ, ո՞վ՝ ոչ, հայերեն չիմացողը կարո՞ղ է իրեն հայ համարել և այլն:
– Լեզուն՝ որպես հայ ինքնության խորհրդանիշ (ինչպես ինքներդ նշեցիք), որքանո՞վ է կարևոր ինքնության պահպանման համար:
– Մայրենիի իմացությունն անհրաժեշտություն է: Այն մարդիկ, որոնք համայնքում զբաղվում են ակտիվ գործունեությամբ, բայց հայերեն չգիտեն՝ կաղ են (գուցե խոսքերս մի քիչ խիստ են հնչում), չունեն մուտք դեպի հայոց քաղաքակրթություն: Երբ Սայաթ-Նովա են լսում, ոչինչ չեն հասկանում, չեն զգացվում: Իմ կարծիքով հայերեն իմացությունը կարևորագույն պայմաններից մեկն է իրեն հայ զգալու համար:
Չեմ կարող ասել, որ հայերեն չիմացողը հայ չի, բայց ինձ թվում է, որ հայերենի իմացությունն ամենամեծ, ամենաանհրաժեշտ պայմանն է հայ լինելու:
– Պարո´ն Մերկերյան, կրթության ասպարեզում մեծ ծառայություններ մատուցելու համար աշնանը պարգևատրվել եք Ֆրանսիայի պետության կողմից: Նախ շնորհավորում ենք պատվավոր տիտղոսի առիթով և ցանկանում՝ մի փոքր մանրամասնություններ ներկայացնել:
– Շնորհակալությո´ւն: Պարգևը, որը ստացել եմ, կոչվում է «Ակադեմիական դափնիներ»: Ֆրանսիայի կրթության և գիտության նախարարության կողմից տրվում է այն մարդկանց, որոնք մեծ ծառայություններ են մատուցել կրթության ասպարեզում:
Ինքս այդ կոչմանն եմ արժանացել մանկավարժական գործունեության, հայոց լեզուն ֆրանսիական, համալսարանական միջավայրում զարգացնելու համար:
Հետաքրքիր է, որ արարողության ընթացքում կրծքանշանը քեզ հանձնում է այն մարդը, որն արդեն ունի այդ պարգևը: Ի ուրախություն ինձ, պարգևն ինձ հանձնեց Պրովանս համալսարանի նախկին ռեկտորներից մեկը, ծագումով հայ Պոլ Կաֆթանջյանը, որի հետ ճանապարհորդել ենք Հայաստան դեռ 1994 թվականին, երբ Պրովանս համալսարանի և ԵՊՀ-ի միջև ստորագրվեց փոխհամագործակցության հուշագիր, ինչի շնորհիվ առ այսօր պահպանվում են կապերը երկու երկրների համալսարանների միջև:
– Ասացիք, որ մանկավարժական գործունեության ընթացքում փորձել եք Ձեր ուսանողներին փոխանցել հայերենի արժեքները: Ձեր կարծիքով ո՞րն է հայոց լեզվի ամենամեծ արժեքը:
– Ես 5 լեզու գիտեմ, ինչն էլ օգնում է, որպեսզի արժևորեմ իմ մայրենին՝ հայերենը, ինչպես այն արժևորել են շատ հայտնի լեզվաբաններ, օրինակ՝ Անտուան Մեյեն:
Հայերենը նուրբ լեզու է, հայախոս մարդիկ շատ հեշտությամբ են արտասանում այլ լեզուների հնչյունները, որովհետև հայերենը շատ հարուստ հնչյունական համակարգ ունի: Երբ որևէ հայ խոսում է անգլերեն, արաբերեն կամ ռուսերեն, նրա օտար լինելն ավելի քիչ է զգացվում, որովհետև նա վարժված է այդ լեզուներին բնորոշ բոլոր հնչյուններին: Բառապաշարի հարստությունը ևս իր տեղն ունի:
Ինքս ինձ հաճախ եմ հարց տալիս՝ ինչպե՞ս բացատրել, որ հայ ազգը գոյատևել է 2000-2500 տարի: Մեր տարածաշրջանում ապրող քանի-քանի ազգեր այսօր միայն պատմության դասագրքերի մեջ են մնացել, իսկ մենք՝ կորցրել ենք պետականություն, փոթորիկների միջով ենք անցել, սակայն շարունակում ենք ապրել:
Ո՞րն է պատճառը, որ շատ ազգեր ու պետություններ փորձել են նվաճել, ենթարկել իրենց, բայց մենք մնացել ենք: Ինչո՞ւ: Պատասխանը շատ պարզ է. հայ ազգի յուրահատուկ հատկություններից է փոխանցումը, ազգային ավանդությունները, լեգենդները, հիշողությունը մի սերնդից մյուսը փոխանցելը, ինչը և փրկել է մեր ժողովրդին ձուլվելուց: Իմ ուսանողներին հաճախ էի «Սասուցի Դավիթ» էպոսի օրինակը բերում. մոտ 1000 տարի բանավոր փոխանցվելուց հետո Սրվանձտյանը գրի է առել այն միայն 1873 թվականին:
Երկրորդ արժեքը կրոնն է, եթե չընդունեինք քրիստոնեություն, դժվար է ասել՝ հիմա ուր կլինեինք: Կղզու նման է ապրել մեր ազգը՝ շարունակելով պայքարել, պահպանել իր ինքնությունը:
Այսօր էլ է այդպես, պայքարում ենք Հայաստանի Հանրապետության պահպանման, զարգացման համար: Հայ ժողովրդի ճակատագիրն անընդհատ, սերնդեսերունդ պայքարելն է. պայքարել իր ինքնության համար, պաշտպանել իր արժեքները՝ լեզվական, պատմական, մշակութային, որպեսզի կարողանանք ապրել և հաջորդ սերունդներին փոխանցել մեր արժեքները:
– Պարո´ն Մերկերյան, այժմ ի՞նչ աշխատանքով եք զբաղված:
– Նախաձեռնել եմ մի աշխատություն, որի թեման, մտահոգությունը Հայկական սփյուռքի կյանքն ու նրա հարատևության պայմանները ուսումնասիրելն է: Այն սփյուռնքերի, որոնք ժամանակին բավականին զարգացած են եղել, սակայն տարիների ընթացքում մարել են, կորչել: Իմ ապագա գրքում ցանկանում եմ ներկայացնել այդ համայնքների (Եթովպիա, Հնդկաստան, Ղրիմ, Լեհաստան, Նոր Ջուղա) պատմությունը՝ կազմավորումը դարեր առաջ, զարգացման փուլերը և դանդաղ կազմալուծումը: Տարբեր գաղութների քայքայման, գրեթե անհետացման պատճառները տարբեր են, տեղում մնում են միայն ժամանակին կառուցված եկեղեցիները, մատուռներն ու որոշ հուշարձաններ:
Օրինակ՝ լավ կազմակերպված համայնքներ ենք ունեցել Եթովպիայում, Հնդկաստանում, Ղրիմում, Լեհաստանում, Նոր Ջուղայում, որոնք, սակայն, ժամանակի ընթացքում մարել են կամ թուլացել: Եվթովպիայում, օրինակ, 2500 հայ է ապրել, այսօր մնացել է միայն 40-ը: Լեհաստանում բոլորովին վերջերս տոնում էին հայերի ներկայության 650-ամյակը, իսկ այսօր այդ երկրում գրեթե հայ չի մնացել:
Անգամ այսօրվա ամենահզոր սփյուռnքերը, գուցե, հետագայում մարեն: Իսկ պատճառները շատ են՝ խառնամուսնություններ, լեզվի նահանջ և այլն: Ի վերջո, Սփյուռքի կյանքը կախում ունի նաև տեղական, ընդունող երկրի վերաբերմունքից:
Ինչքան էլ դժվար է, բայց պիտի խոստովանենք, որ Սփյուռքը կամ սփյուռքները հավիտենական չեն և որքան շատ մերվեն տեղական հասարակության մեջ, այնքան կորցնելու շանսերը մեծ են: Ասել է թե՝ Սփյուռքը հարատև չի, նրա ապագան վտանգի տակ է:
Իմ գրքում փորձում եմ Հայկական սփյուռքի 5 օրինակ ցույց տալ, երբ երբեմնի ծաղկուն համայնքներից այսօր մնացել են միայն եկեղեցիները:
Լուսինե Աբրահամյան