Դավիթ Սարգսյանը մասնակցեց «Ալեպպո Քուիզին» կենտրոնի բացման արարողությանը

Նոյեմբերի 29-ին Երևանի Կողբացի 83, 2/1 հասցեում «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ալեպպո Քուիզին» սոցիալական ձեռնարկատիրական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը: Շնորհավորելով ներկաներին կենտրոնի բացման առիթով՝ Սփյուռքի նախարարության պաշտոնյան իր խոսքում հույս հայտնեց, որ «Ալեպպո Քուիզին»-ը կնպաստի ինչպես նոր աշխատատեղերի ստեղծմանը, այնպես էլ Հայաստանում հաստատված սիրիահայերի ինտեգրմանը:

«Ալեպպո Քուիզին» սոցիալական ձեռնարկատիրական կենտրոնը, որն ավելի քան 200000 ԱՄՆ դոլարի ներդրումներ է ներգրավել, հիմնադրվել է Տեխասի Հյուսթոն քաղաքի Սբ. Գևորգ հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի (ԱՄՆ), Ճապոնիայի կառավարության` հանձին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության, Գերմանիայի կառավարության՝ հանձին Գերմանիայի Միջազգային Համագործակցություն ընկերության, Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության՝ հանձին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում:

«Ալեպպօ Քուիզին» կենտրոնը նպատակ ունի ստեղծել աշխատատեղեր սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայ կանանց համար ու նպաստել նրանց տնտեսական ու սոցիալական ինտեգրմանը Հայաստանում։

Կենտրոնի գործունեությունից գոյացած շահույթը ծառայելու է խոցելի կարգավիճակում գտնվող սիրիահայերի համար նոր աշխատատեղեր հիմնելուն և սիրիահայ ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելուն։

Scroll Up