Տեղի ունեցավ «Ոգեշնչված Կոմիտասով» ցուցահանդես-միջոցառումը
էստոնաբնակ արվեստագետ, Էստոնիայի միջազգային նկարիչների միության նախագահ Արսեն Քլյանի նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 12-ին սփյուռքի նախարարությունում հայ մեծատաղանդ կոմպոզիտոր Կոմիտաս Վարդապետի (Սողոմոն Սողոմոնյան) 150-ամյակին ընդառաջ տեղի ունեցավ «Ոգեշնչված Կոմիտասով» խորագրով ցուցահանդես-միջոցառումը:
Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, ներկայացվել են միության անդամ հանդիսացող հայաստանաբնակ և սփյուռքահայ արվեստագետների՝ Կոմիտասի ստեղծագործություններից ոգեշնչված աշխատանքները (գեղանկարչություն և քանդակ):
Միջոցառման սկզբում ցուցադրվել է Կոմիտասի կյանքի և գործունեության մասին պատմող տեսաֆիլմ, որից հետո ողջույնի խոսքով հանդես է եկել Սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանեսյանը:
Արսեն Քլյանը շնորհակալություն հայտնելով սփյուռքի նախարարությանը միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար՝ իր խոսքում նշել է, որ պատահական չէ նախարարությունում ցուցահանդես-միջոցառման կազմակերպումը, քանի որ միության նպատակն այսպիսի նախաձեռնություններով Հայաստանի և Սփյուռքի արվեստագետներին համախմբելը և աշխարհի մակարդակով հայկական կերպարվեստի զարգացմանը նպաստելն է:
Ապա Արսեն Քլյանը հյուրերին ներկայացրել է իր և մյուս արվեստագետների՝ Արամ Դանիելյանի, (Հայաստան), Լիլիթ Տոնականյանի (Հայաստան), Կրիստինա Օգանեզովաի (Հայաստան), Փայլակ Վանիկյանի (Հայաստան), Այսեր Մաթևոսյան (Հայաստան), Մաքսիմ Գիքինյանի (Հայաստան), Անդրանիկ Սահակյանի (Հայաստան), Տիգրան Վարդևանյանի (Հայաստան), Անուշ Բաբայանի (Հայաստան), Հերմինե Նավասարդյանի (Հայաստան) Աշոտ Թադևոսյանի (ՌԴ), Անահիտ Քեշիշյանի (Շվեդիա), Անի Ավետիսյանի (ՌԴ), որոնց ստեղծագործությունները դարձել են «Ոգեշնչված Կոմիտասով» ցուցահանդես-միջոցառման իրականացման շարժառիթը:
Միջոցառման գեղարվեստական մասում կոմիտասյան կատարումներով ելույթ են ունեցել ֆլեյտահար Լիդա Մնացականյանը, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Լիլիթ Դավթյանը, կիթառահար Էդգար Ենգիբարյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի ասպիրանտ Աննա Կիրակոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Աշտարակի Գուլամերյան Հայորդաց տան «Հայուհիներ» պարախումբը, Երևանի Արմեն Տիգրանյանի և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցների սաները, «Hi music band»-ը, կոմիտասյան պոեզիա ներկայացրել են Մեսրոպ Մաշտոցի անվան մշակույթի կենտրոնի սաները և ուրիշներ: