Մխիթար Հայրապետյանն ընդունեց ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հատուկ զեկուցողին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/11/1-15.jpg)
Նոյեմբերի 7-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ընդունեց ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլենի գլխավորած պատվիրակությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կլեման Վուլենն հետաքրքրվեց դեպի ժողովրդավարությունն ընթացող գործընթացներում Հայաստանում սփյուռքի ներգրավվածության մասին: Այս առումով Մխիթար Հայրապետյանն ընդգծեց, որ հայաստանյան թավշյա հեղափոխությունը ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև սփյուռքահայերի հաղթանակն է, և սփյուռքյան շատ համայնքներ միասնաբար աջակցել են հեղափոխության ընթացքին: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ այսօր էլ սփյուռքը շարունակում է փոխադարձ աջակցության սկզբունքով ներդրում ունենալ Հայաստանի զարգացման գործում, իսկ նախարարությունը աշխատում է համահայկական ներուժը համախմբելու, հայաստանյան գործընթացներին այն ներգրավելու ուղղությամբ:
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը անդրադարձավ նաև հայրենադարձներին և նրանց ինտեգրման աշխատանքերին: Մխիթար Հայրապետյանը նշեց, որ այսօր արդեն նախարարությունն աշխատում է հայրենադարձների ինտեգրման ծրագրի վրա, ուշադրության կենտրոնում է պահում նաև սիրիահայերի հիմնախնդիրները:
Հանդիպման ավարտին դարձյալ խոսելով թավշյա հեղափոխության մասին՝ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ հեղափոխության արդյունքում այսօր գործում է մի կառավարություն, որը պարտավորվում է բաց աշխատել և հաշվետու լինել իր գործողությունների համար: «Վերականգնվել է հավատը ընտրական գործընթացների նկատմամբ»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարը: