Լոնդոնի Գ. Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարանի 40-ամյա հոբելյանը

Հոկտեմբերի 13-ին Իլինգի Double Tree by Hilton պանդոկում տեղի ունեցավ Գ Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարանի հիմնադրման 40-ամյակին նվիրված ճաշկերույթ-պարահանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ վարժարանի ուսուցչուհի և հոգաբարձուհի տիկին Լենա Գյուլխանճյանը: Գերաշնորհ Սրբազան հայրը շնորհավորելով վարժարանի 40-ամյա հոբելյանը՝ օրհնեց վարժարանը և ներկաներին:
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Հայարփի Դրմեյանը: Շնորհավորելով վարժարանի 40-ամյակը՝ նա բարձր գնահատեց վարժարանի դերն ու նշանակությունը բրիտանահայ երեխաների հայեցի կրթության և դաստիարակության գործում:
Վարժարանի տնօրինուհի տիկին Ռուզաննա Թաթուլյանը, նախկին տնօրինուհի տիկին Անահիտ Ղազարյանցն իրենց ելույթներում շնորհավորեցին վարժարանի բոլոր աշակերտներին, ծնողներին, ներկա և անցյալի բոլոր ուսուցիչներին, ծնողական հանձնախմբի անդամներին, հոգաբարձուներին, տնօրեններին, խնամակալներին, նվիրատուներին, բոլոր նվիրյալներին կրթօջախի հիմնադրման 40-ամյա հոբելյանի առթիվ: Ելույթով հանդես եկավ Բրիտանահայ համայնքային խորհրդի ատենապետ պարոն Արմանդ Աբրահամյանը: Շնորհավորելով վարժարանի 40-ամյակը՝ նա նշեց, որ Բրիտանահայ համայնքային խորհրդի առաջնահերթությունն է եղել և շարունակելու է մնալ հնարավորին չափով օժանդակել և աջակցել վարժարանին:
Իրենց դպրոցական տարիների հիշողությունները ներկաների հետ կիսեցին վարժարանի շրջանավարտներ` Անի Եղիկյանը և Լիա Գյուլխանճյանը: Տիկին Ժենհա Ներսիսյանը Պարույր Սևակի «Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծության արտասանությամբ հիացրեց ներկաներին: Երեկոյին առանձին շուք տվեցին վարժարանի շրջանավարտներ` Վանուհի Պետրոսյանը, Սիփան Դրո Պետրոսյանը, Տիգրան Մինասյանը, Անդրե Բաբայանը, Էլլեն Ադամյանը և աշակերտուհի Մարիա Նազարյանը՝ իրենց գեղեցիկ հայկական պարերով:
Երեկոն անցավ շատ ջերմ մթնոլորտում: Գ. Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարանը հիմնադրվել է 1978 թվականին Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի հովանավորությամբ և Գևորգ Թահթայի բարերարությամբ: Վարժարանն իր գործունեության 40 տարիների ընթացքում դարձել է կայացած կրթական հաստատություն, որտեղ սովորել են հայոց լեզու և հայեցի կրթություն են ստացել հարյուրավոր բրիտանահայ երեխաներ: Դպրոցում հայոց լեզվի և հայոց պատմության գիտելիքների հետ մեկտեղ աշակերտներին փոխանցվում են մեր ազգային ինքնության արժեքները, սովորությունները և ազգային մշակութային ժառանգություններն այնպես, որպեսզի նրանք կարողանան հասկանալ հայ ժողովրդի ստեղծած հոգևոր և նյութական արժեքները:
Վարժարանն ունի իր կայացած կրթական ծրագիրը, և աշակերտները 9-րդ դասարանն ավարտելիս՝ հանձնում են ավարտական քննություն, որը համապատասխանում է անգլիական կրթական համակարգի GCSE-ի մակարդակին:
Լոնդոնում հայ ազգային ինքնության պահպանման ու զարգացման, սերունդների հայեցի կրթության և դաստիարակության, հայապահպանական ծրագրերի իրականացման գործում նշանակալի ավանդի համար Վարժարանը 2010 և 2017 թվականներին արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Լավագույն հայկական կրթօջախ» մրցանակին: Սփյուռքի նախարարությունը բարձր գնահատելով Գ Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարանի աշխատանքները՝ 2018 թվականին վարժարանի մի խումբ ուսուցչուհիների պարգևատրեց սփյուռքի նախարարության պատվոգրերով, որոնք տրվեցին հոկտեմբերի 14-ին:
Գերաշնորհ Սրբազան Հայրը հոկտեմբերի 14-ին Սուրբ Եղիշե եկեղեցում կատարեց Եկեղեցական հատուկ արարողություն՝ նվիրված Գ. Թահթայան կիրակնօրյայ ազգային վարժարանի հիմնադրման 40-ամյակին և Սուրբ Թարգմանիչների տոնին: Կաթողիկոսական Սրբատառ Կոնդակով Օրհնության Գրեր բաշխվեցին տիկնայք Սիլվա Շամմասյանին, Մայտա Չերչյանին և Աննա Հենդենին` Վարժարանում աշխատանքային 40-ամյա գործունեության համար: Սրբազան Հայրը կատարեց նաև Հոգեհանգստի արարողություն վարժարանի հիմնադիր անձերի` լուսահոգիներ Հակոբ Փալամուդյանի, Հարություն Այվազյանի, Օֆելյա Գույումճյանի և Գևորգ Թահթայի համար: Սրբազան Հայրը օրհնեց Գ. Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարանի աշակերտությանը, ծնողներին, ուսուցչական կազմին, հոգաբարձուներին և խնամակալներին:
Սփյուռքի նախարարությունը բարձր գնահատելով Գ. Թահթայան կիրակնօրյայ ազգային վարժարանի աշխատանքները՝ վարժարանի մի խումբ ուսուցչուհիների պարգևատրել էր սփյուռքի նախարարության պատվոգրերով:
Սուրբ Պատարագի ավարտից հետո Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության Հյուպատոս Հայարփի Դրմեյանը և Վարժարանի տնօրինուհի տիկին Ռուզաննա Թաթուլյանը, սփյուռքի նախարարության պատուգրերը փոխանցեցին ուսուցչուհիներին: