Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամներին
Հոկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:
Ինչպես տեղեկացնում են Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ընթացող գործընթացները դրական ազդեցություն կունենան Հայաստանում ՌԱԿ-ի գործունեության վրա և նոր թափ կհաղորդեն կուսակցության զարգացմանն ու քաղաքական պրոցեսներին ներգրավվածության բարձրացմանը:
ՌԱԿ կենտրոնական վարչության անդամները պատրաստակամություն են հայտնել կուսակցության արտերկրի կառույցների գործունեությամբ նոր ազդակ հաղորդել սփյուռքի հսկայական ներուժի իրացմանը՝ ի նպաստ հայրենիքի զարգացման: Նրանք նշել են, որ մտադիր են առաջիկայում Երևանում սփյուռքահայ գործարարների մասնակցությամբ կազմակերպել տնտեսական համաժողով, որի ընթացքում վերջիններս կկարողանան ծանոթանալ Հայաստանում առկա ներդրումային միջավայրին և նախանշել նորանոր ծրագրեր:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և առաջարկել այդ ուղղությամբ համագործակցել ՀՀ կառավարության համապատասխան մարմինների հետ: