Դոկտոր Հրայր Ճէպէճեանը շարունակում է սփյուռքահայ կյանքեր բացահայտել

ՀՀ սփյուռքի նախարարությունում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Արաբական ծոցի երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար, աստվածաբանության դոկտոր, գրող, հրապարակախոս Հրայր Ճէպէճեանի «Սփիւռքահայ կեանքեր՝ ինչպէս որ տեսայ» գրքի շնորհանդեսը:
Միջոցառման ավարտին Հրայր Ճէպէճեանը շնորհակալություն հայտնեց կնոջը՝ Արտային, զավակներին՝ Վահեին և Ալիքին, որոնք անվերապահորեն քաջալերում են նրան ազգային, եկեղեցական և հասարակական աշխատանքներում: Ի դեպ, գրքի խմբագիրը դոկտոր Արտա Ճէպէճեանն է:
Այնուհետև անդրադառնալով գրքի լույս ընծայմանը՝ հեղինակն ընդգծեց, որ վերջին 30 տարիներին աշխատանքի բերումով հաճախ է ճամփորդում տարբեր երկրներում և այդ ընթացքում ազատ ժամանակ ունենալուն պես՝ անպայման հայկական հետքեր է փնտրում. համայնքներ է այցելում, փորձում հասկանալ, թե այնտեղ ապրող հայերն ինչ մարտահրավերների առջև են կանգնած կամ, պարզապես, զրուցում է նրանց հետ և բարեկամանում:
«Այս գրքով ցանկացա ներկայացնել հային՝ իր առօրյա կյանքի ու գոյապայքարի մեջ: Լինելով բազմաթիվ երկրներում՝ ես տեսա, թե մեր սփյուռքն ինչքան բազմերանգ է: Հայ ենք, բայց տարբերություններ կան: Սփյուռքում այսօր հայապահպանման պատերազմ է: Յուրաքանչյուր հայ համայնք մի «ճակատամարտի» մեջ է: Պիտի՛ շարունակենք պատերազմն ու հաղթենք»,-նշեց Հրայր Ճէպէճեանը՝ հավելելով, որ ամեն ինչ այնքան էլ վարդագույն չէ իր տեսածի մեջ:
Ավելի պատկերավոր լինելու համար Հրայր Ճէպէճեանը մի քանի պատմություն ներկայացրեց: Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում հաճելիորեն զարմացել է՝ իմանալով, որ 70 հոգանոց փոքրիկ համայնքի ջանքերով քաղաքի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցում ամեն կիրակի պատարագ է մատուցվում՝ խնկարկելով եկեղեցին և աղոթք բարձրացնելով առ Աստված: Այնտեղ միայն երկու սարկավագ է հոգևոր սպասավորություն կատարում: Հրայր Ճէպէճեանին հիացրել է նաև Ադիս Աբեբայի՝ խառնամուսնության զավակներ հանդիսացող հայ երիտասարդների հայրենասիրական ոգին, քրիստոնեկան հավատքին և արմատներին հավատարիմ մնալը, ովքեր, թեկուզ անվարժ, սակայն, հայերեն են խոսում:
Այլ համայնքներ այցելեիս՝ Հրայր Ճեպեճեանին մտահոգել է հայ երիտասարդների՝ Մայրենիին չտիրապետելը: Ինչպես օրինակ, անցյալ տարի Մարսելի մոտ գտնվող փոքրիկ քաղաքի փողոցներից մեկով քայլելիս՝ ակնոցներ վաճառող մի խանութ է տեսել՝ վրան փակցված «Աֆարյան» ցուցանակը: Իսկույն մտածել է՝ գուցե խանութի տերը քեսապցի լինի: Այդպես է մտածել, որովհետև այդ ազգանվամբ քեսապցի շատ ծանոթներ ունի:
Մտնելով խանութ՝ երկու երիտասարդի է հանդիպել, նրանց հետ հայերեն խոսել, հարցուփորձ արել արմատներից (պարզվել է՝ Քեսապից չեն), սակայն չեն կարողացել հայերեն պատասխանել, որից հետո ֆրանսերեն և անգլերեն են խոսել: Ապա մի կին է նրան մոտեցել և ասել՝ իզուր է հայերեն հաղորդակցվում. այստեղ սեփական լեզվով խոսող հայերի քիչ կհանդիպի:
Նույն խնդրին է ականատես եղել Բուենոս Այրեսում. հայկական դպրոցի տնօրենը զրույցի ընթացքում Հրայր Ճէպէճեանին տեղեկացրել է, որ աշակերտները դժվարությամբ են հայերեն խոսում, սակայն ամեն ջանք գործադրում են՝ նրանց հայերենը սովորեցնելու և ազգային ինքնությունը պահպանելու համար:
Հրայր Ճէպէճեանի՝ սփյուռքահայ կյանքին նվիրված պատմությունները շատ են՝ մեկը մյուսից հուզիչ, տպավորիչ և այնքա՜ն «հայեցի»: Մաղթե՛նք նրան արգասաբեր գործունեություն, հարատև թռիչք իր առաքելության մեջ և աշխարհացիր հայ մարդուն բացահայտելու նորանոր ուրախ առիթներ:

Գևորգ Չիչյան

Scroll Up