Մխիթար Հայրապետյանն այցելել է «Մխիթար Սեբաստացի» և ACIS կրթահամալիրներ

Հոկտեմբերի 26-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն այցելեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Նախարարի պաշտոնակատարը կրթահամալիրում ծանոթացավ կրթական գործընթացին ու  առաջիկա նախագծերին:

Մխիթար Հայրապետյանը, անդրադառնալով կրթահամալիրի գործունեությանը, նշեց, որ հանրակրթության ոլորտում խրախուսում են այլընտրանքային, նորարարական ու ստեղծագործական մոտեցումները: Նա շեշտեց, որ կրթահամալիրն ունի այլընտրանքային կրթական ծրագրի իրականացման այնպիսի փորձ, որը թույլ է տալիս երեխաներին զարգանալ որպես անհատ:

Եվրոպայում գործող ամենաերիտասարդ նախարարը նախքան ապագա լրագրողների հացերին պատասխանելն ընդգծեց, որ նորը ստեղծելու և որևէ ոլորտում լավագույնը դառնալու համար հարկավոր են կամք ու ցանկություն:

Օրվա վերջում նախարարն այցելեց նաև Հայաստանի «Քեմբրիջ միջազզգային կրթահամալիր», որն օգտագործում է միասնական ուսումնական ծրագիր: Մխիթար Հայրապետյանին տեղեկացրին, որ կրթահամալիրում հայալեզու երեխաների համար գործում է ՀՀ նախադպրոցական և միջնակարգ կրթական ծրագիրը՝ քեմբրիջյան քննությունների բաղադրիչների հավելումով:

Ուսուցման հիմնական լեզուն հայերենն է: Կա նաև հավելյալ անգլերեն, ռուսերեն և իսպաներեն լեզուներ սովորելու ընտրության հնարավորություն:

Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ ACIS կրթահամալիրը լավ օրինակ է, որը  կիրառում է հայկական պետական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ծրագիրը քեմբրիջյան միջազգային ուսումնական ծրագրի հետ զուգահեռ և հնարավորություն է տալիս աշակերտներին ստանալ բազմակողմանի կրթություն:

Scroll Up