Իրականությունը` օբյեկտիվ գնահատականներով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/04/9o0Nnj6TX8lveoF8sKRRGLdZTG.jpg)
Մոտ երեք ամիս առաջ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի արդեն նախկին տնօրեն Թամար Պողոսյանը հանդես եկավ մամլո ասուլիսով` մեղադրանքներ ներկայացնելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Արտաքուստ այն տպավորությունն էր, թե տիկին տնօրենին արգելել են իրականացնել իր կանոնադրական գործառույթները, թե ապօրինություններ են գործվել հոգաբարձուների խորհրդի կողմից` այսպես վնաս հասցնելով հիմնադրամին ու նրա աշխատակազմին…
Ի պատասխան Թամար Պողոսյանի «ինքնապաշտպանական» հարձակումների` հոգաբարձուների խորհուրդը հանդես եկավ ճշմարտությունը ամփոփող բացատրություններով և մեկնաբանություններով` այսպես հակադրվելով շանտաժին ու կեղծիքին: Այս ամենից հետո Թամար Պողոսյանը ստիպված էր հեռանալ զբաղեցրած պաշտոնից` չկամենալով, սակայն, վայր դնել իր «զենքերը», որոնք նրան այդպես էլ չէին կարող ուժ և ամրություն հաղորդել…
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի ու նրա արդեն նախկին տնօրեն Թամար Պողոսյանի յուրատեսակ «ոդիսականը» ինչպես տեսնում ենք, կարծես, մտադրություն չունի հասնելու իր տրամաբանական ավարտին, քանզի Թամար Պողոսյանը, չկարողանալով հանդարտվել ու ճշմարտության երեսին նայել, շարունակում է ասուլիսներ հրավիրել` ներկայանալով «անմեղ ու ամբաստանված»: Միամիտ լրագրողներն ու ընթերցողները կարող են ցավակցել նրան, կատարվածի մեջ տեսնել ուրիշների, բայց ոչ երբեք Թամար Պողոսյանի մեղքը: Ավելին, ոմանք կարող են հերթական անգամ հայտարարել, թե Հայաստանում բոլոր լավ նախաձեռնություններն ու նվիրված աշխատողները հալածվում են` այսպես ճանապարհ բացելով պետական ամենաթողությանը: Սակայն իրականությունը միանգամայն այլ է, այլ են պաշտոնական գնահատականները, որոնք տրվել են հիմնադրամի ու նրա նախկին տնօրենի գործունեությանը` ամեն ինչ դիտարկելով օրինականության դիրքերից: Թամար Պողոսյանն իր պաշտոնավարման շրջանում իսկապես թույլ է տվել օրենքի բազում խախտումներ և անասելի ընչասիրություն` հանուն իր ու իր հարազատների գրպանելով միլիոնավոր դրամներ, կատարյալ խեղկատակության վերածելով մի հիմնադրամ, որը հատկապես վերջին տարում ոմանց համար դարձավ ֆինանսաբեր հրաշալի երակ:
Թամար Պողոսյանը վերջին շրջանում իր արած բազմաթիվ հայտարարություններում նշել է, թե Սփյուռքի նախարարությունն ապօրինաբար է դարձել հոգաբարձուների խորհուրդ ձևավորող մարմին, թե նախարար Հրանուշ Հակոբյանը հոգաբարձուների խորհրդի նախագահ է դարձել օրենքի խախտումներով: Այս հայտարարությունները զուրկ են իրավական և օրենսդրական հիմքերից ու բացատրություններից, որովհետև Հայաստանում շատ վաղուց գործում է «Հիմնադրամների մասին» օրենքը, որն էլ կարգավորում է ցանկացած հիմնադրամի գործունեություն, այդ թվում նաև` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի:
«Սփյուռքի նախարարը 2009-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է դարձել կառավարության կողմից հաստատված կանոնադրության խախտումով, հետևաբար Սփյուռքի նախարարի` հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելը ևս կանոնադրության խախտում է»,- հայտարարեց Թամար Պողոսյանը` այսպես ձգտելով ծխածածկույթի տակ առնել իր և հարազատների գրպանած միջոցների փաստը: Ինչ խախտման մասին է խոսում Թ. Պողոսյանը, երբ Հ. Հակոբյանը հոգաբարձուների խորհրդի նախագահ է դարձել հիմնադրամի կանոնադրության 39 կետ ե) ենթակետի համապատասխան, որով խորհրդի բացառիկ իրավասություններին է վերապահված խորհրդի նոր անդամի ընտրությունը: Ի միջի այլոց, խորհրդի 2009թ. հունիսի 22-ի նիստի, այն նիստի արձանագրությունը, որով հոգաբարձունների խորհրդի անդամ և հետո էլ նախագահ է ընտրվել Հ. Հակոբյանը, կազմվել և ստորոգրվել է Թ. Պողոսյանի և հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Ք. Պողոսյանի կողմից: Հոգաբարձուների խորհուրդը կազմավորում է հիմնադիրը, իսկ խորհրդի նախագահին ընտրում է նույն խորհուրդը ձայների պարզ մեծամասնությամբ: Եվ Հրանուշ Հակոբյանն էլ ընտրվել է կանոնադրական բոլոր նորմերի կիրառմամբ` չխախտելով օրենսդրական և կանոնադրական որևէ դրույթ: Թերևս Թ. Պողոսյանի` մարդկանց մոլորացնելու նպատակով այս մեկ դիտավորյալ պնդումը բավար է կարծիք կազմելու նրա մնացյալ “մեղադրանքների” մասին, բայց լինենք մեծահոգի և շարունակենք:
Այն բանից հետո, երբ սկսած 2010 թ. ՀՀ սփյուռքի նախարարությունը հիմնադրամին սկսել է պատվիրել որոշակի ծրագրերի իրականացում, բացահայտվել են հիմնադրամի գործունեության ստվերային կողմերը, պետական միջոցների մսխումները: Հիմնադրամում ամենաբարձր աշխատավարձերը ստացել են ինքն ու գեղարվեստական ղեկավար Արմեն Մանուկյանը. «Տնօրենի հրամանով առավել բարձր աշխատավարձեր և հավելավճարներ են ստացել տնօրեն Թամար Պողոսյանը, գեղարվեստական ղեկավար Արմեն Մանուկյանը, աշխատակազմի ղեկավար, համատեղության կարգով գանձապահ Քնարիկ Պողոսյանը (տնօրենի քույր) և արտաքին հարաբերությունների գծով գլխավոր մասնագետ Զարուհի Դադայանը (տնօրենի քրոջ աղջիկը)… »,- կարդում ենք ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության տեղեկանքում: Նույն տեղեկանքում նշվում է, որ Թ. Պողոսյանը 2008 թ. որպես աշխատավարձ ստացել է 2,5 մլն դրամ, հավելավճար և պարգևավճար` 2,1 մլն դրամ, 2009-ին աշխատավարձն ու հավելավճարը միասին կազմել են 2.9 մլն դրամ, 2010-ի աշխատավարձը կազմել է 2.4 մլն դրամ, իսկ ընդամենը 2010 թվականի հուլիսի 20-ից հուլիսի 28-ի համար Թ. Պողոսյանն իրեն սահմանել է 2.631.850 դրամ պարգևավճար: Քնարիկ Պողոսյանին 7 օրվա համար վճարվել է 482 հազար 930 դրամ, Զարուհի Դադայանին` 504 հազար 365 դրամ և այլն: Մեր երկրի նախագահը կարո՞ղ է մրցակցել Թամար Պողոսյանի հետ, կարո՞ղ է ասել, թե 7 օրվա համար ինքն ստանում է 2 և կես միլիոն դրամից ավելի: Չի´ կարող: Որովհետև Թամար Պողոսյանի հաշվարկներն այլ են, որովհետև «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը հանդիսացել է իր, քրոջ, նրա դստեր և այն սեփական բոստանի վերածած մարդկանց համար «կթու կով»: Պետական միջոցներն այս մարդիկ տարիներ շարունակ մսխել են, հարստացել, իսկ այսօր, երբ վերահսկողություն է սահմանվել, առաջ են մղել Թամար Պողոսյանին, որն էլ անջուր ջրաղացի նման աղմկում է` չհասկանալով, որ բոլոր հարվածները դեպի իրեն են գալիս:
Հիմնադրամը մի կառույց է, որի միջոցները հաստատվում են հոգաբարձուների խորհրդի կողմից, պետությունը երբեմն ծրագրեր է պատվիրում հիմնադրամին` դրանց համար հատկացնելով համապատասխան ֆինանսական միջոցներ: Հիմնադրամը, համաձայն իր կանոնադրության, նաև պարտավոր է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, տարբեր եղանակներով հայթայթել միջոցներ, մինչդեռ Թամար Պողոսյանն ու իր «գրասենյակը» տաքուկ անկյուն են գտել ու վայելել` երբեք չմտածելով այն մասին, որ հարկավոր է ոչ միայն վայելել պետության տված գումարները, այլև սեփական գործարարության միջոցով ավելացնել դրանք:
«Հիմնադրամն իր կանոնադրական գործառույթները իրականացրել է մասնակիորեն` միայն պետության կողմից նախատեսված և ֆինանսավորված մշակութային միջոցառումների շրջանակներում: Հիմնադրամը իր միջոցառումները, այդ թվում աշխատակազմի պահպանման ծախսերը, ամբողջությամբ իրականացրել է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Չեն ձեռնարկվել հետևողական, գործնական քայլեր հիմնադրամի գույքի ձևավորման համար նախատեսված աղբյուրներից միջոցներ հայթայթելու ուղղությամբ, չեն զբաղվել թույլատրված ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչը հնարավորություն կտար ստանալու եկամուտներ: Անթույլատրելի է, որ հիմնադրամը սեփական նախաձեռնությամբ և միջոցներով գրեթե ոչինչ չի իրականացրել: Փաստորեն հիմնադրամը չի ծառայել իր բուն նպատակին և առավելապես կատարել է ՊՈԱԿ-ին բնորոշ գործառույթներ»,- կարդում ենք Տեղեկանքում:
Այս ամենի մասին, բնականաբար, Թամար Պողոսյանն ասուլիսներում չի ասում: Չի ասում նաև այն մասին, որ ինքնուրույնաբար, խախտելով հիմնադրամների գործունեությունը համակարգող օրենսդրական ակտերը, կազմել է հաստիքացուցակը, որոշել աշխատավարձերը, ինքնուրույնաբար հաստատել ու սկսել վճարել իր մտերիմներին: Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք մեր սարերը» վիպակի հերոսներից մեկն ասում է. «Լավ եմ արել, ինքս ինձ պարգևատրել եմ»: Բայց հազիվ թե հիմնադրամի տնօրենն իրավունք ուներ խեղճուկրակ լոռեցի հովվի հոգեբանությամբ աշխատել, քանի որ պատասխանատու է օրենքի առջև: Ասուլիսի ժամանակ Թամար Պողոսյանն անընդհատ շեշտում էր, որ Հրանուշ Հակոբյանի «կամայականության հետևանքով» հիմնադրամին հատկացված 18 միլիոն դրամն ուղղորդվել է այլ ծրագրերի: Ընդորում այդ ծրագրերի իրականացնողները հոգաբարձուների խորհրդի անդամներ են: Վարչապետի վերահսկողական ծառայությունը պարզել է. «Անհրաժեշտ է նշել, որ հոգաբարձուների խորհրդի և հիմնադրամի տնօրենի միջև առկա են լուրջ տարաձայնություններ, անառողջ է բարոյահոգեբանական մթնոլորտը, որը խոչընդոտում է բնականոն աշխատանքներին: Անընդունելի է գործադիր տնօրենի կողմից խորհրդի ընդունած որոշումների չկատարումը և դրանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, ինչպես նաև բյուջետային միջոցների խնայողաբար և արդյունավետ օգտագործելու համար խորհրդի կողմից ձեռնարկած միջոցառումները անհիմն ձգձգելու և չկատարելու փաստը: Երևույթը փաստում է, որ գործադիր տնօրենը չի պատկերացնում հիմնադրամի կանոնադրային գործառույթների նպատակը և հնարավորությունները, այն է` ոչ բյուջետային միջոցներով մշակութային ծրագրերի և հիմնադրամի ապարատի պահպանման ծախսերի ապահովումը, այլ փորձում է ձևավորված` պետական բյուջետային միջոցների հաշվին գոյատևելու պրակտիկան շարունակելը»:
Հանրության ուշադրությունը սևեռելով Սփյուռքի նախարարության կողմից իբր թույլ տրված ապօրինություններին` Թամար Պողոսյանը մինչև օրս չի կամեցել լրատվամիջոցներին ծանոթացնել 2010 թվականի դեկտեմբերին հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ ընդունված որոշմանը, մինչդեռ այդ որոշումը հստակեցնում է իրականությունը և ցույց տալիս, որ նախկին տնօրենը բացահայտորեն ստում և աղավաղում է փաստերը: 2010թ. դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է 2011թ. ՀՀ պետական բյուջեով «Տարածքային համագործակցության և համահայկական մշակութային ծրագրերի իրականացման համար նախատեսված 18,6 մլն դրամը նախորդ տարիների նման ամբողջությամբ չհատկացնել հիմնադրամի պահպանման ծախսերին, այլ վարչական ծախսերի կրճատման հաշվին այդ գումարից 12,7 մլն դրամը տրամադրել թվով 12 մշակութային ծրագրերի իրականացման` համահայկական հասարակական կազմակերպու-թյուններին և ընկերակցությունների հետ մեկտեղ` որպես մասնակի աջակցություն նրանց կողմից անցկացվելիք մշակութային միջոցառումներին, իսկ մնացած 5,9 մլն դրամ գումարը հատկացվել է հիմնադրամին` որպես վարչակառավարչական տարեկան ծախսեր, այդ թվում` որպես պահպանման ծախսեր` 1,6 մլն դրամ, աշխատավարձ` 3,7 մլն և աուդիտ իրականացնելու համար` 600,000 դրամ: Միաժամանակ հանձնարարվել է հիմնադրամի գործադիր տնօրենին առաջարկվող նոր հատկացվող գումարների սահմաններում հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի կառուցվածքի նոր տարբերակ և հաստիքացուցակ… Հանձնարարականը գործադիր տնօրենի կողմից 23.02.2011թ. դրությամբ չի կատարվել “հիվանդության” պատճառաբանությամբ, սահմանված գումարի չափաքանակներով հիմնադրամի գործառույթներն իրականացնելու անհնարինության, ինչպես նաև հավանական կրճատվող աշխատակիցներին վերջնահաշվարկ վճարելու և այդ կապակցությամբ ՀՀ Աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի խախտումներ չկատարելու պատճառաբանությամբ,ինչը արձանագրել է նաև ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը:
Հիմնադրամի հոգաբարձուների հորհուրդը դիմել է ՀՀ Վերաստուգիչ պալատ` հիմնադրամի ֆինանսա-տնտեսական գործունեության համալիր ստուգում անցկացնելու առաջարկով: Նման ստուգումներ արդեն սկսվել են, սակայն Թ. Պողոսյանը նորից դիմել է “հիվանդանալու” փորձված մեթոդին և ամեն ինչ անում է` խոչընդոտելու ստուգումների անցկացումը և ըստ որոշ տեղեկությունների` իր քրոջ հետ միասին զբաղված է փաստաթղթերի սրբագրմամբ կամ “անհայտացմամբ”: Տեսնենք` կհաջողվի՞ արդյոք ՀՀ Վերաստուգիչ պալատին և իրավապահ մարմիններին մոտ օրերս հիմնադրամի տնօրենին բերել օրինականության դաշտ և ստուգմներ անցկացնել:
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը միայն 2010 թվականին չի իրականացրել այնպիսի ծրագրային համարվող դրույթներ, ինչպիսիք են օրենքով չարգելված այլ միջոցառումները, որոնք պիտի նպատակաուղղվեին հիմնադրամի ֆինանսական միջոցների համալրմանը, նոր ծրագրերի իրականացմանը: Փաստորեն հիմնադրամը երբևէ չի մտահոգվել այն խնդրով, որ ինքն էլ պիտի իր մասնակցությունը բերեր ֆինանսական նոր աղբյուրների հայթայթմանն ու ներդրողների հետ համագործակցության ձևավորմանը: Այսքանից հետո կարելի է վստահաբար ասել, որ Սփյուռքի նախարարը, որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ, հանդես է եկել իր իրավասությունների սահմաններում և առաջնորդվել օրենքով: Ուրեմն, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում իրապես արձանագրվել են աղաղակող խախտումներ, որոնք չէին կարող անպատիժ մնալ: Թամար Պողոսյանն ինքն է առիթ տվել այն բանին, որ այդ խախտումների մասին տևական ժամանակ լռություն պահպանվեր, իսկ հիմա արդեն ամեն ինչ բացահայտվել է…
Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ