Իրականութիւնը` օբյեկտիւ գնահատականներով
Մօտ երեք ամիս առաջ «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամի արդէն նախկին տնօրէն Թամար Պօղոսեանը հանդէս եկաւ մամլոյ ասուլիսով` մեղադրանքներ ներկայացնելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանին: Արտաքուստ այն տպաւորութիւնն էր, թէ տիկին տնօրէնին արգելել են իրականացնել իր կանոնադրական գործառոյթները, թէ ապօրինութիւններ են գործուել հոգաբարձուների խորհրդի կողմից` այսպէս վնաս հասցնելով հիմնադրամին ու նրա աշխատակազմին…
Ի պատասխան Թամար Պօղոսեանի «ինքնապաշտպանական» յարձակումների` հոգաբարձուների խորհուրդը հանդէս եկաւ ճշմարտութիւնը ամփոփող բացատրութիւններով եւ մեկնաբանութիւններով` այսպէս հակադրուելով շանտաժին ու կեղծիքին: Այս ամէնից յետոյ Թամար Պօղոսեանը ստիպուած էր հեռանալ զբաղեցրած պաշտօնից` չկամենալով, սակայն, վայր դնել իր «զէնքերը», որոնք նրան այդպէս էլ չէին կարող ուժ եւ ամրութիւն հաղորդել…
«Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամի ու նրա արդէն նախկին տնօրէն Թամար Պօղոսեանի իւրատեսակ «ոդիսականը» ինչպէս տեսնում ենք, կարծես, մտադրութիւն չունի հասնելու իր տրամաբանական աւարտին, քանզի Թամար Պօղոսեանը, չկարողանալով հանդարտուել ու ճշմարտութեան երեսին նայել, շարունակում է ասուլիսներ հրաւիրել` ներկայանալով «անմեղ ու ամբաստանուած»: Միամիտ լրագրողներն ու ընթերցողները կարող են ցաւակցել նրան, կատարուածի մէջ տեսնել ուրիշների, բայց ոչ երբեք Թամար Պօղոսեանի մեղքը: Աւելին, ոմանք կարող են հերթական անգամ յայտարարել, թէ Հայաստանում բոլոր լաւ նախաձեռնութիւններն ու նուիրուած աշխատողները հալածւում են` այսպէս ճանապարհ բացելով պետական ամենաթողութեանը: Սակայն իրականութիւնը միանգամայն այլ է, այլ են պաշտօնական գնահատականները, որոնք տրուել են հիմնադրամի ու նրա նախկին տնօրէնի գործունէութեանը` ամէն ինչ դիտարկելով օրինականութեան դիրքերից: Թամար Պօղոսեանն իր պաշտօնավարման շրջանում իսկապէս թոյլ է տուել օրէնքի բազում խախտումներ եւ անասելի ընչասիրութիւն` յանուն իր ու իր հարազատների գրպանելով միլիոնաւոր դրամներ, կատարեալ խեղկատակութեան վերածելով մի հիմնադրամ, որը յատկապէս վերջին տարում ոմանց համար դարձաւ ֆինանսաբեր հրաշալի երակ:
Թամար Պօղոսեանը վերջին շրջանում իր արած բազմաթիւ յայտարարութիւններում նշել է, թէ Սփիւռքի նախարարութիւնն ապօրինաբար է դարձել հոգաբարձուների խորհուրդ ձեւաւորող մարմին, թէ նախարար Հրանոյշ Յակոբեանը հոգաբարձուների խորհրդի նախագահ է դարձել օրէնքի խախտումներով: Այս յայտարարութիւնները զուրկ են իրաւական եւ օրէնսդրական հիմքերից ու բացատրութիւններից, որովհետեւ Հայաստանում շատ վաղուց գործում է «հիմնադրամների մասինէ օրէնքը, որն էլ կարգաւորում է ցանկացած հիմնադրամի գործունէութիւն, այդ թւում նաեւ` «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամի:
«Սփիւռքի նախարարը 2009-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է դարձել կառավարութեան կողմից հաստատուած կանոնադրութեան խախտումով, հետեւաբար Սփիւռքի նախարարի` հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելը եւս կանոնադրութեան խախտում է»,- յայտարարեց Թամար Պօղոսեանը` այսպէս ձգտելով ծխածածկոյթի տակ առնել իր եւ հարազատների գրպանած միջոցների փաստը: Ինչ խախտման մասին է խօսում Թ. Պօղոսեանը, երբ Հ. Յակոբեանը հոգաբարձուների խորհրդի նախագահ է դարձել հիմնադրամի կանոնադրութեան 39 կէտ է) ենթակէտի համապատասխան, որով խորհրդի բացառիկ իրաւասութիւններին է վերապահուած խորհրդի նոր անդամի ընտրութիւնը: Ի միջի այլոց, խորհրդի 2009թ. յունիսի 22-ի նիստի, այն նիստի արձանագրութիւնը, որով հոգաբարձունների խորհրդի անդամ եւ յետոյ էլ նախագահ է ընտրուել Հ. Յակոբեանը, կազմուել եւ ստորոգրուել է Թ. Պօղոսեանի եւ հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Ք. Պօղոսեանի կողմից: Հոգաբարձուների խորհուրդը կազմաւորում է հիմնադիրը, իսկ խորհրդի նախագահին ընտրում է նոյն խորհուրդը ձայների պարզ մեծամասնութեամբ: Եւ Հրանոյշ Յակոբեանն էլ ընտրուել է կանոնադրական բոլոր նորմերի կիրառմամբ` չխախտելով օրէնսդրական եւ կանոնադրական որեւէ դրոյթ: Թերեւս Թ. Պօղոսեանի` մարդկանց մոլորացնելու նպատակով այս մէկ դիտաւորեալ պնդումը բավար է կարծիք կազմելու նրա մնացեալ “մեղադրանքների” մասին, բայց լինենք մեծահոգի եւ շարունակենք:
Այն բանից յետոյ, երբ սկսած 2010 թ. ՀՀ սփիւռքի նախարարութիւնը հիմնադրամին սկսել է պատուիրել որոշակի ծրագրերի իրականացում, բացայայտուել են հիմնադրամի գործունէութեան ստուերային կողմերը, պետական միջոցների մսխումները: Հիմնադրամում ամենաբարձր աշխատավարձերը ստացել են ինքն ու գեղարուեստական ղեկավար Արմէն Մանուկեանը. «Տնօրէնի հրամանով առաւել բարձր աշխատավարձեր եւ հաւելավճարներ են ստացել տնօրէն Թամար Պօղոսեանը, գեղարուեստական ղեկավար Արմէն Մանուկեանը, աշխատակազմի ղեկավար, համատեղութեան կարգով գանձապահ Քնարիկ Պօղոսեանը (տնօրէնի քոյր) եւ արտաքին յարաբերութիւնների գծով գլխաւոր մասնագէտ Զարուհի Դադայեանը (տնօրէնի քրոջ աղջիկը)… »,- կարդում ենք ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայութեան տեղեկանքում: Նոյն տեղեկանքում նշւում է, որ Թ. Պօղոսեանը 2008 թ. որպէս աշխատավարձ ստացել է 2,5 մլն դրամ, հաւելավճար եւ պարգեւավճար` 2,1 մլն դրամ, 2009-ին աշխատավարձն ու հաւելավճարը միասին կազմել են 2.9 մլն դրամ, 2010-ի աշխատավարձը կազմել է 2.4 մլն դրամ, իսկ ընդամէնը 2010 թուականի յուլիսի 20-ից յուլիսի 28-ի համար Թ. Պօղոսեանն իրեն սահմանել է 2.631.850 դրամ պարգեւավճար: Քնարիկ Պօղոսեանին 7 օրուայ համար վճարուել է 482 հազար 930 դրամ, Զարուհի Դադայեանին` 504 հազար 365 դրամ եւ այլն: Մեր երկրի նախագահը կարո՞ղ է մրցակցել Թամար Պօղոսեանի հետ, կարո՞ղ է ասել, թէ 7 օրուայ համար ինքն ստանում է 2 եւ կէս միլիոն դրամից աւելի: Չի կարող: Որովհետեւ Թամար Պօղոսեանի հաշուարկներն այլ են, որովհետեւ «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամը հանդիսացել է իր, քրոջ, նրա դստեր եւ այն սեփական բոստանի վերածած մարդկանց համար «կթու կ’ով»: Պետական միջոցներն այս մարդիկ տարիներ շարունակ մսխել են, հարստացել, իսկ այսօր, երբ վերահսկողութիւն է սահմանուել, առաջ են մղել Թամար Պօղոսեանին, որն էլ անջուր ջրաղացի նման աղմկում է` չհասկանալով, որ բոլոր հարուածները դէպի իրեն են գալիս:
Հիմնադրամը մի կառոյց է, որի միջոցները հաստատւում են հոգաբարձուների խորհրդի կողմից, պետութիւնը երբեմն ծրագրեր է պատուիրում հիմնադրամին` դրանց համար յատկացնելով համապատասխան ֆինանսական միջոցներ: Հիմնադրամը, համաձայն իր կանոնադրութեան, նաեւ պարտաւոր է զբաղուել ձեռնարկատիրական գործունէութեամբ, տարբեր եղանակներով հայթայթել միջոցներ, մինչդեռ Թամար Պօղոսեանն ու իր «գրասենեակը» տաքուկ անկիւն են գտել ու վայելել` երբեք չմտածելով այն մասին, որ հարկաւոր է ոչ միայն վայելել պետութեան տուած գումարները, այլեւ սեփական գործարարութեան միջոցով աւելացնել դրանք:
«Հիմնադրամն իր կանոնադրական գործառոյթները իրականացրել է մասնակիօրէն` միայն պետութեան կողմից նախատեսուած եւ ֆինանսաւորուած մշակութային միջոցառումների շրջանակներում: Հիմնադրամը իր միջոցառումները, այդ թւում աշխատակազմի պահպանման ծախսերը, ամբողջութեամբ իրականացրել է ՀՀ պետական բիւջէի միջոցների հաշուին: Չեն ձեռնարկուել հետեւողական, գործնական քայլեր հիմնադրամի գոյքի ձեւաւորման համար նախատեսուած աղբիւրներից միջոցներ հայթայթելու ուղղութեամբ, չեն զբաղուել թոյլատրուած ձեռնարկատիրական գործունէութեամբ, ինչը հնարաւորութիւն կը տար ստանալու եկամուտներ: Անթոյլատրելի է, որ հիմնադրամը սեփական նախաձեռնութեամբ եւ միջոցներով գրեթէ ոչինչ չի իրականացրել: Փաստօրէն հիմնադրամը չի ծառայել իր բուն նպատակին եւ առաւելապէս կատարել է ՊՈԱԿ-ին բնորոշ գործառոյթներ»,- կարդում ենք Տեղեկանքում:
Այս ամէնի մասին, բնականաբար, Թամար Պօղոսեանն ասուլիսներում չի ասում: Չի ասում նաեւ այն մասին, որ ինքնուրոյնաբար, խախտելով հիմնադրամների գործունէութիւնը համակարգող օրէնսդրական ակտերը, կազմել է հաստիքացուցակը, որոշել աշխատավարձերը, ինքնուրոյնաբար հաստատել ու սկսել վճարել իր մտերիմներին: Հրանտ Մաթեւոսեանի «Մենք ենք մեր սարերը» վիպակի հերոսներից մէկն ասում է. «Լաւ եմ արել, ինքս ինձ պարգեւատրել եմ»: Բայց հազիւ թէ հիմնադրամի տնօրէնն իրաւունք ունէր խեղճուկրակ լօռեցի հովուի հոգեբանութեամբ աշխատել, քանի որ պատասխանատու է օրէնքի առջեւ: Ասուլիսի ժամանակ Թամար Պօղոսեանն անընդհատ շեշտում էր, որ Հրանոյշ Յակոբեանի «կամայականութեան հետեւանքով» հիմնադրամին յատկացուած 18 միլիոն դրամն ուղղորդուել է այլ ծրագրերի: Ընդորում այդ ծրագրերի իրականացնողները հոգաբարձուների խորհրդի անդամներ են: Վարչապետի վերահսկողական ծառայութիւնը պարզել է. «Անհրաժեշտ է նշել, որ հոգաբարձուների խորհրդի եւ հիմնադրամի տնօրէնի միջեւ առկայ են լուրջ տարաձայնութիւններ, անառողջ է բարոյահոգեբանական մթնոլորտը, որը խոչընդոտում է բնականոն աշխատանքներին: Անընդունելի է գործադիր տնօրէնի կողմից խորհրդի ընդունած որոշումների չկատարումը եւ դրանց նկատմամբ անյարգալից վերաբերմունքը, ինչպէս նաեւ բիւջետային միջոցների խնայողաբար եւ արդիւնաւէտ օգտագործելու համար խորհրդի կողմից ձեռնարկած միջոցառումները անհիմն ձգձգելու եւ չկատարելու փաստը: Երեւոյթը փաստում է, որ գործադիր տնօրէնը չի պատկերացնում հիմնադրամի կանոնադրային գործառոյթների նպատակը եւ հնարաւորութիւնները, այն է` ոչ բիւջետային միջոցներով մշակութային ծրագրերի եւ հիմնադրամի ապարատի պահպանման ծախսերի ապահովումը, այլ փորձում է ձեւաւորուած` պետական բիւջետային միջոցների հաշուին գոյատեւելու պրակտիկան շարունակելը»:
Հանրութեան ուշադրութիւնը սեւեռելով Սփիւռքի նախարարութեան կողմից իբր թոյլ տրուած ապօրինութիւններին` Թամար Պօղոսեանը մինչեւ օրս չի կամեցել լրատուամիջոցներին ծանօթացնել 2010 թուականի դեկտեմբերին հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ ընդունուած որոշմանը, մինչդեռ այդ որոշումը յստակեցնում է իրականութիւնը եւ ցոյց տալիս, որ նախկին տնօրէնը բացայայտօրէն ստում եւ աղաւաղում է փաստերը: 2010թ. դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ժամանակ որոշուել է 2011թ. ՀՀ պետական բիւջէով «տարածքային համագործակցութեան եւ համահայկական մշակութային ծրագրերի իրականացման համար նախատեսուած 18,6 մլն դրամը նախորդ տարիների նման ամբողջութեամբ չյատկացնել հիմնադրամի պահպանման ծախսերին, այլ վարչական ծախսերի կրճատման հաշուին այդ գումարից 12,7 մլն դրամը տրամադրել թուով 12 մշակութային ծրագրերի իրականացման` համահայկական հասարակական կազմակերպու¬թիւններին եւ ընկերակցութիւնների հետ մէկտեղ` որպէս մասնակի աջակցութիւն նրանց կողմից անցկացուելիք մշակուային միջոցառումներին, իսկ մնացած 5,9 մլն դրամ գումարը յատկացուել է հիմնադրամին` որպէս վարչակառավարչական տարեկան ծախսեր, այդ թւում` որպէս պահպանման ծախսեր` 1,6 մլն դրամ, աշխատավարձ` 3,7 մլն եւ աուդիտ իրականացնելու համար` 600,000 դրամ: Միաժամանակ յանձնարարուել է հիմնադրամի գործադիր տնօրէնին առաջարկուող նոր յատկացուող գումարների սահմաններում հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի կառուցուածքի նոր տարբերակ եւ հաստիքացուցակ… Յանձնարարականը գործադիր տնօրէնի կողմից 23.02.2011թ. դրութեամբ չի կատարուել “հիւանդութեան” պատճառաբանութեամբ, սահմանուած գումարի չափաքանակներով հիմնադրամի գործառոյթներն իրականացնելու անհնարինութեան, ինչպէս նաեւ հաւանական կրճատուող աշխատակիցներին վերջնահաշուարկ վճարելու եւ այդ կապակցութեամբ ՀՀ Աշխատանքային օրէնսգրքով սահմանուած նորմերի խախտումներ չկատարելու պատճառաբանութեամբ,ինչը արձանագրել է նաեւ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայութիւնը:
Հիմնադրամի հոգաբարձուների հորհուրդը դիմել է ՀՀ Վերաստուգիչ պալատ` հիմնադրամի ֆինանսա-տնտեսական գործունէութեան համալիր ստուգում անցկացնելու առաջարկով: Նման ստուգումներ արդէն սկսուել են, սակայն Թ. Պօղոսեանը նորից դիմել է “հիւանդանալու” փորձուած մեթոդին եւ ամէն ինչ անում է` խոչընդոտելու ստուգումների անցկացումը եւ ըստ որոշ տեղեկութիւնների` իր քրոջ հետ միասին զբաղուած է փաստաթղթերի սրբագրմամբ կամ “անյայտացմամբ”: Տեսնենք` կը յաջողուի՞ արդեօք ՀՀ Վերաստուգիչ պալատին եւ իրաւապահ մարմիններին մօտ օրերս հիմնադրամի տնօրէնին բերել օրինականութեան դաշտ եւ ստուգմներ անցկացնել:
«Մէկ ազգ, մէկ մշակոյթ» հիմնադրամը միայն 2010 թուականին չի իրականացրել այնպիսի ծրագրային համարուող դրոյթներ, ինչպիսիք են օրէնքով չարգելուած այլ միջոցառումները, որոնք պիտի նպատակաուղղուէին հիմնադրամի ֆինանսական միջոցների համալրմանը, նոր ծրագրերի իրականացմանը: Փաստօրէն հիմնադրամը երբեւէ չի մտահոգուել այն խնդրով, որ ինքն էլ պիտի իր մասնակցութիւնը բերէր ֆինանսական նոր աղբիւրների հայթայթմանն ու ներդրողների հետ համագործակցութեան ձեւաւորմանը: Այսքանից յետոյ կարելի է վստահաբար ասել, որ Սփիւռքի նախարարը, որպէս հոգաբարձուների խորհրդի նախագահ, հանդէս է եկել իր իրաւասութիւնների սահմաններում եւ առաջնորդուել օրէնքով: Ուրեմն, «մէկ ազգ, մէկ մշակոյթէ հիմնադրամում իրապէս արձանագրուել են աղաղակող խախտումներ, որոնք չէին կարող անպատիժ մնալ: Թամար Պօղոսեանն ինքն է առիթ տուել այն բանին, որ այդ խախտումների մասին տեւական ժամանակ լռութիւն պահպանուէր, իսկ հիմա արդէն ամէն ինչ բացայայտուել է…
Լեւոն ՄՈՒԹԱՖԵԱՆ