Կանադայի վարչապետն այցելել է  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»֊ը, Կանադայի վարչապետին ուղեկցում էին Երևանի  քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը Կանադայի վարչապետին ներկայացրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ստեղծման պատմությունը։

Ջասթին Թրյուդոն նաև շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում,  գրառում կատարեց թանգարանի  հուշամատյանում:

«Կանադացիները միշտ խիզախաբար կագնած են ատելության եւ բռնության դեմ, որը սարսափելի գործողությունների պատճառ է դարձել: Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և հանդիսավոր երդվում ենք` թույլ չտալ, որ պատմությունը կրկնվի»,-  նշված է Թրյուդոյի գրառման մեջ:

Այնուհետև Կանադայի վարչապետը Ծիծեռնակաբերդի ծառուղում խորհրդանշական եղևնի տնկեց:

Կանադայի Սենատը 2002թ. հունիսի 13-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում է ընդունել:

Scroll Up