Բելգիայի Թագավորության վարչապետը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում աշխատանքային այցով ՀՀ ժամանած Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Վարչապետին ուղեկցում էին ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը, ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով թանգարան-ինստիտուտի կայք-էջին, հայտնում է, որ Բելգիայի վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը:

Բելգիայից ժամանած պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Հիշողության պուրակում, որտեղ վարչապետ Միշելը տնկեց արծաթափայլ եղևնի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Հիշեցնենք, որ 1998 թ. մարտի 26-ին Բելգիայի Սենատը, հիմնվելով պատմական ուսումնասիրությունների և մի շարք միջազգային իրավական կոնվենցիաների ու բանաձևերի վրա, որոշում ընդունեց ճանաչելու Թուրքիայում ապրող հայերի 1915թ. ցեղասպանությունը, կոչ արվեց Թուրքիայի կառավարությանը ճանաչել այն, իսկ 2015 թ. հուլիսի 23-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստին բացարձակ մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց: 

Scroll Up