Լոս Անջելեսի «Մանուկյան-Դեմիրճյան» հայկական վարժարանում նշվել է ՀՀ անկախության 27-ամյակը

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գործող ՀԲԸՄ-ի «Մանուկյան-Դեմիրճյան» հայկական ամենօրյա վարժարանում սեպտեմբերի 28-ին մեծ շուքով նշվել է Հայաստանի Հանրապետության Անկախության 27-ամյակը:

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, «Երևանյան գիշեր» խորագիրը կրող միջոցառման ընթացքում աշակերտներն ազգային-հայրենասիրական և մայրաքաղաք Երևանին նվիրված երգեր են կատարել, հանդես են եկել ժողովրդական պարերով, ինչպես նաև հնչել է դհոլ-զուռնա, որը դահլիճում ներկա շուրջ 500 հանդիսատեսն ավելի է խանդավառվել:

Միջոցառման տպավորիչ հատվածներից է եղել 3-րդ դասարանի աշակերտների՝ հայերենի ուսուցչուհի Զեփյուռ Դեմիրճյանի նախաձեռնությամբ «Իմ քայլը» բանաստեղծության արտասանությունը:

Տեղի է ունեցել նաև հանգանակություն, որի ողջ հասույթը փոխանցվելու է Հայաստան՝ վիրավոր և առողջական խնդիրներ ունեցող հայ զինվորներին աջակցություն ցուցաբերելու համար:

Հավելենք, որ Լոս Անջելեսում գործող ամենամեծ ՀԲԸՄ-ի «Մանուկյան-Դեմիրճյան» հայկական վարժարանը հիմնադրվել է 1976 թվականին: Դպրոցն անվանակոչվել է ՀԲԸՄ բազմամյա նախագահ, Հայաստանի Ազգային հերոս Ալեք Մանուկյանի և Լիբանանից ԱՄՆ գաղթած բարերարներ Սարգիս և Սեդա Դեմիրճյանների պատվին:

Դպրոցում ուսուցումն իրականացվում է ամերիկյան պետական ծրագրով, դասավանդվում է նաև հայոց լեզու, գրականություն, մշակույթ, պատմություն, կրոն, երաժշտություն առարկաները, գործում են հայկական պարի և շախմատի խմբակներ:

Scroll Up